Է. Շարմազանով. «Քաղաքական պայքարում չպետք է չափի սահմանն անցնել»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական աշունն առաջիկայում ավելի կակտիվանա, քանի որ մի քանի ամսից հասարակությունը թեւակոխում է նախընտրական փուլ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, քաղաքական աշնանից ակնկալում է նորմալ, կառուցողական պայքար:

«Չափի սահմանները չպետք է անցնել, որովհետեւ մենք իրավունք չունենք գնալ ոչ կառուցողական ճանապարհով: Անկախ քաղաքական տարաձայնություններից` մենք պետք է կարողանանք առաջնորդվել քաղաքակրթության կանոններով»,-ասաց Է. Շարմազանովը` նշելով, որ քաղաքականության մեջ չափի սահմաններն են` բացառել սեւ PR-ը, անձնական վիրավորանքը եւ պայքարել օրենքի շրջանակում, սահմանադրական ճանապարհով:

Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա իշխանությունը` ՀՀ նախագահի գլխավորությամբ, բազմաթիվ անգամ ապացուցել է, որ երկխոսության ջատագով է, սակայն, նաեւ ցույց է տվել, որ երկխոսության մեջ որեւէ վերջնագիր ընդունելի չէ:

Է. Շարմազանովն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի քաղաքական վերջին զարգացումները հայկական իրականության հետ համեմատելու փորձերին: ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ ինքը հումորով է վերաբերվում այդ փորձերին:

Այն հարցին, թե Սերժ Սարգսյանը չի՞ պատրաստվում իր տեղը զիջել Ռոբերտ Քոչարյանին` Է. Շարմազանովը պատասխանեց, որ կա կոալիցիոն հուշագիր, եւ ՀՀԿ-ն վճռական է շարունակելու իր բարեփոխումները` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Հայերեն Русский