Զ. Մնացականյան. «Ընտրություններն անցկացվել եւ անցկացվելու են ԼՂՀ-ում»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ ամեն ինչից, ընտրություններն անցկացվել եւ անցկացվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս մասին այսօր Երեւանում' «Միասին ապրելով. Բազմազանությունն ու ազատությունը 21-րդ դարի Եվրոպայում» զեկույցի քննարկմանն ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար, դեսպան Զոհրաբ Մնացականյանը' հավելելով, որ ԼՂՀ-ն կառուցում է իր ժողովրդավարական ինստիտուտները' հիմքում դնելով ընտրությունների անցկացումը:
Ըստ Զ. Մնացականյանի' անկախ նրանից' ԼՂ ստատուս-քվոն որոշված է, թե ոչ, կան բոլոր հիմքերը, որոնք համընդհանուր արժեհամակարգի մեջ են տեղավորվում, այն համակարգի, որն ընտրել ենք մենք, եւ որը զարգացած է Եվրոպայում: Փոխնախարարի խոսքով' հայկական կողմը բազմաթիվ անգամ արտահայտվում է այս առումով եւ բանավիճում, որ ընտրություններն առաջին հերթին ինստիտուտների կայացման խնդիր են, դա հասարակության կյանքի կազմակերպման խնդիր է' այն հիմքերի վրա, որոնք մենք ընդունում ենք որպես համընդհանուր արժեքային համակարգ:
Բանախոսի համոզմամբ' այն երկիրը, որն առաջ է քաշում տարածքային ամբողջականության սկզբունքը, շատ ավելի խորը խնդիրներ ունի նման արժեքային համակարգը կամ ինստիտուտները հաստատելու հարցում: Լեռնային Ղարաբաղի կողմից անցկացվող ընտրություններն իսկապես ակնհայտորեն հակասում են իրավիճակին, որը ստեղծված է Ադրբեջանում: