1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ մի խումբ սփյուռքահայեր պարգեւատրվել են ՀՀ բարձրագույն պետական պարգեւներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, պարգեւների մի մասը ՀՀ նախագահի կողմից հանձնվել են այսօր մարզահամերգային համալիրում կազմակերպված տոնական ընդունելությունից հետո:
Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Մովսես Խորենացու մեդալով են պարգեւատրվել Տեր Սուրեն արքեպիսկոպոս Գաթարոյանը (Լիբանան), Վարուժան Ոսկանյանը (Ռումինիա):
Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի եւ դրսեւորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) եւ Վահե Կարապետյանը (ԱՄՆ) պարգեւատրվել են Պատվո շքանշանով: