Հարցազրույց

Հ. Քոթանջյան. «Իսրայելի քաղաքական վերնախավում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին ձեռք է բերում արդիականություն»

9 րոպեի ընթերցում

Հ. Քոթանջյան. «Իսրայելի քաղաքական վերնախավում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին ձեռք է բերում արդիականություն»

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկայիս առանձնահատկությունների, ինչպես նաեւ դրանց հետ կապված տարածաշրջանային ու միջազգային զարգացումների մասին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան զրուցել է ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ (ԱՄՆ), Ռազմական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի իսկական անդամ Հայկ Քոթանջյանի հետ: Ստորեւ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

-Ինչպե՞ս եք գնահատում Իսրայելի շահերի դեմ ուղղված Թուրքիայի «Մավի Մարմարա» նավատորմիղի միջազգային ձեռնարկման հետ կապված իրադարձությունների հետաքննության գծով ՄԱԿ-ի` Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Փալմերի գլխավորած կոմիտեի աշխատանքի մասին հաշվետվությունը:

-Հաշվետվության գլխավոր եզրակացությունն այն է, որ հաստատվել է Գազայի հատվածի ռազմածովային շրջափակման` որպես Իսրայելի հակաահաբեկչական միջոցառման օրինականությունը. այն ուղղված է ահաբեկիչներին ծովով զենքի մատակարարումը խոչընդոտելուն: Մյուս եզրակացություններն ածանցյալ են տվյալ սկզբունքային եզրակացությունից: Հաշվետվությունը կարեւոր է նաեւ նավատորմիղի կազմակերպիչների ոչ կշռադատված գործողությունների գնահատման տեսանկյունից, քանի որ նրանք իրենց իրավունք էին վերապահել անտեսելու Իսրայելի Զինված ուժերի իրավազորությունը` միջազգային ջրերում տեսչական ստուգումների ենթարկելու եւ կանգնեցնելու Գազայի հատված ուղեւորվող նավերը:

Դրա հետ մեկտեղ, «Մավի Մարմարա» նավատորմիղի դեմ իսրայելական կոմանդոսների կողմից ձեռնարկված միջոցները ՄԱԿ-ի Կոմիտեն որակել է որպես «չափազանց եւ անհիմն», իսկ իսրայելցի զինվորականների վերաբերմունքը ուղեւորների նկատմամբ` «վիրավորական»: Հանձնաժողովի եզրակացության համաձայն` Թել Ավիվին առաջարկվել է զղջանք հայտնել հումանիտար առաքելության կալման ժամանակ Թուրքիայի քաղաքացիների սպանության կապակցությամբ եւ փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին: Նման ձեւակերպումը չի բավարարում Թուրքիային, որը Թել Ավիվից պահանջում է պաշտոնապես խոստովանել հանցանքը եւ ներողություն խնդրել Թուրքիայից ու «Մավի Մարմարա» արշավախմբի տուժած մասնակիցներից, թեեւ Իսրայելն արդեն հայտնել էր իր ափսոսանքը:

Ձեր կարծիքով` ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների վատթարացումը. սոսկ Գազայի հատվածի ռազմածովային շրջափակման գոտի «Մավի Մարմարա» նավատորմիղի ներխուժման հետ կապված սուր բախումով եւ դրա տարբեր մեկնաբանություններո՞վ, թե՞ ավելի էական հանգամանքներով:

-Դատելով Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների զարգացման միտումներից` Թուրքիան ձգտում է տիրանալու ինտենսիվ կերպով վերափոխվող Իսլամական աշխարհի առաջավարի դերին: Նա նպատակաուղղված ջանքեր է գործադրում` տարանջատվելու քեմալական աշխարհականացման մոդելից եւ իրեն ներկայացնելու որպես նոր տիպի մահմեդական պետություն, որն իր քաղաքական-իրավական համակարգում համադրում է «մեղմ Իսլամի» եւ «ժողովրդավարության» արժեքները:

Այսպիսով` Թուրքիան ձգտում է հանդես գալու որպես «Արաբական գարնան» քաղաքական կողմնորոշիչ` աջակցելով ոչ միայն Իսլամական աշխարհի պետություններում տեղի ունեցող իշխանափոխություններին, այլեւ վարչակարգերի փոփոխությանը: Խոսքը վերաբերում է հեղինակապաշտական (ավտորիտար) քաղաքական-իրավական համակարգերի արմատական կերպափոխմանը, որն ուղեկցվում է պետական-քաղաքական ասպարեզից գոյություն ունեցող վերնախավի դուրսմղմամբ, «մահմեդական ժողովրդավարականների» նոր սերնդի ներկայացուցիչների եւ նրանց նմանարկող ապագա բռնակալների ու դահիճների իշխանության գալով (այդպիսիք էին Հիտլերի կեղծ ժողովրդավարական ճարտասանության առաջին փորձերը):

Թուրքիան, հետապնդելով տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս իր ազդեցությունն ընդլայնելու ռազմավարական նպատակներ, հետեւողականորեն քարոզչություն է վարում` մահմեդական արմատականների խմբերի կողմից «Արաբական գարնան» նկատմամբ վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու սպառնալիքով համաշխարհային ընկերակցությանն ահաբեկելու համար: Միեւնույն ժամանակ, Թուրքիան փորձում է համոզել գործընկերներին, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ռազմավարության համաձայն` Իսլամի մեղմացման եւ ժողովրդավարացման թուրքական մոդելով Իսլամական աշխարհի սպասարկման ուղղությամբ իր ծառայություններն անփոխարինելի են, եւ դրանով իսկ ստիպել Արեւմուտքին` համակերպվել Մերձավոր ու Միջինարեւելյան, Միջերկրածովյան եւ Հյուսիսաֆրիկյան հսկայական աշխարհաքաղաքական տարածքում Թուրքիայի առաջավարական դերի հետ:

Թուրքիայի քաղաքական ռազմավարության նման փոփոխման պայմաններում ներողությունը, որ նա պահանջում է Իսրայելից, իր խորքում ունի այն գնի էական վերանայման պահանջ, որն ապագայում Իսրայելը պարտավոր կլինի վճարել ամբողջ Իսլամական աշխարհի քաղաքական վերափոխման համադասման գործում առաջավարի դերին հավակնող Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության համար: Հարկ է նշել, որ Թուրքիայի նոր գերակայությունների պարագայում չի կարելի բացառել, որ նույնիսկ եթե Իսրայելը ներողություն խնդրի, դա կարող է գնահատվել որպես իսրայելական կողմի` իր հանցանքի խոստովանում եւ թուրքական կողմի համար լրացուցիչ հիմք դառնալ հակաահաբեկչական գործողությանը մասնակցած իսրայելական կոմանդոսներին հետապնդելու նպատակով Միջազգային դատարան դիմելու համար: Այլ կերպ ասած` Թուրքիայի պահանջը, որ Իսրայելը ներողություն խնդրի, կրում է խիստ իրավիճակային-գործիքային բնույթ:

-Ըստ Ձեզ` ինչպե՞ս Իսրայելը կարձագանքի նոր պայմաններում Թուրքիայի հետ համագործակցելու համար վերջինիս կողմից «նոր գնի» առաջադրմանը: Հնարավո՞ր է, արդյոք, որ Իսրայելը ճանաչի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը:

-Դատելով վերջին ժամանակներս մի շարք գործիչների արած հայտարարություններից` այս խնդիրն Իսրայելի քաղաքական վերնախավի շրջանում կրկին ձեռք է բերում արդիականություն եւ ռազմավարական տրամաչափ: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ դա Իսրայել պետության զուտ ներքին գործն է, թեեւ արտացոլում է հրեաների Ողջակիզումը եւ հայերի ցեղասպանությունը չկրկնվելու երաշխիքների վերաբերյալ հրամայականների խորքային համընկնումը:

Կարելի է մի բան վստահությամբ ասել, որ Իսրայելի քաղաքական Օլիմպոսի լավագույն գլուխները, տարանջատվելով կուսակցական-քաղաքական կոնյուկտուրայից, ինտենսիվորեն լրամշակում են ազգային անվտանգությանը ուղղված նոր մարտահրավերներին հակազդման օպտիմալ ռազմավարություն այնպիսի պայմաններում, երբ Թուրքիան Իսրայելի հետ համագործակցության համար նրան առաջադրում է ըստ էության նոր, չափից դուրս բարձր գին: Չի կարելի բացառել, որ համակարգային պրագմատիկ հաշվարկներով այս գինը կլինի Իսրայելի ազգային անվտանգության համար սկզբունքորեն անընդունելի: Իրականում Իսրայելի անվտանգության համար չափազանց վտանգավորն այն է, որ չկա որեւէ երաշխիք, որ հետագայում Թուրքիան չի բարձրացնի դրողչեքն ու գինը, որոնք պատրաստվում է ներկայացնել Իսրայելին «Արաբական գարնան» եւ ընդհանուր առմամբ իր ղեկավարությամբ «վերակառուցված» Իսլամական աշխարհի ռեալ առաջավարի դերին տիրանալու ընթացքում:

Ողջակիզման աղետն ապրած հրեական ժողովրդի անվտանգության երաշխիքները գնահատելիս, ըստ երեւույթին, անհրաժեշտ է որպես սկզբունքային ընդունել այն փաստը, որ դաշնակից Իսրայելի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների ռազմավարական գերակայությունների հաշվարկի հիմքային ելակետ պետք է դառնա «Արաբական գարնան» ընթացքում ծավալված հակասական քաղաքական գործընթացների գործուն կոլեկտիվ մշտազննումը: Ըստ այդմ` կարեւոր են ինչպես համաշխարհային ընկերակցության աջակցությունն Իսլամական աշխարհի առաջադիմական կերպափոխմանը, այնպես էլ հակազդեցությունը մարդկության համար նրա այդքան նշանակալից կարողությունների վտանգավոր հակաժողովրդավարական օգտագործմանը` «մեղմ Իսլամի» եւ ժողովրդավարության կարգախոսներով հնարավոր իրավիճակային քողարկմամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում