«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կներկայացվի Ռ. Բալայանի ֆիլմերի ռետրոսպեկտիվը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հաճախ անունից առաջ կոչումներ են ասում, սակայն իմ խորին համոզմամբ արվեստագետն ունի միայն մեկ անուն: Եթե նա վաստակ չունի, կոչումներն արդեն չեն օգնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպումը նման կերպ սկսեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Վահագն Ստամբոլցյանը' ներկայացնելով հայ խոշորագույն ռեժիսոր Ռոման Բալայանին, ում ֆիլմերով մի քանի տարի շարունակ բացվել է «Ոսկե ծիրան»-ը: «Մենք չափազանց երջանիկ ենք, որ նա համաձայնեց իր յոթանասունամյա հոբելյանը նշել կինոփառատոնի շրջանակներում»,- ասաց Վ. Ստամոբլցյանը: Ռոման Բալայանի խոսքով' կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի իր ֆիլմերի ռետրոսպեկտիվը: «Ես կներկայացնեմ իմ նկարահանած լավագույն հինգ ֆիլմերը»,- ասաց նա' կատակելով, որ դրանք իր նկարահանած միակ լավագույն ֆիլմերն են: Նա նշեց, որ չի կարող արդի կինոարտադրության մասին կարծիք հայտնել, քանի որ կինոթատրոններ չի հաճախում:
Վերջերս Ռ. Բալայանին առաջարկվել է լինել Փարաջանովի մասին նկարահանվելիք ֆիլմի ռեժիսորը, սակայն ինքը հրաժարվել է: «Ես կլինեմ ֆիլմի գաղտնի ռեժիսորը»,- կատակեց նա: Հենց ինքը' Ռոման Բալայանն է առաջարկել, որպեսզի ֆիլմի գլխավոր դերում' Փարաջանովի կերպարում, լինի ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը: «Վստահ եմ, որ ծրագիրը մեծ հաջողություն կունենա: Փարաջանովը կյանքում ավելի հանճարեղ էր, բանաստեղծական' քան արվեստում»,- ասաց նա' ով երկար տարիներ շփվել է Փարաջանովի հետ: