Մշակույթ

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի երրորդ փուլը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի երրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր մեկնարկեց «Արի տուն» ծրագրի երրորդ փուլը: Այն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Ծրագրի երրորդ փուլին մասնակցում են 16 երկրներից' Հորդանանից, Իրաքից, Սիրիայից, Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Տաջիկստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Կիպրոսից, Սլովակիայից, Իսպանիայից, Չեխիայից 93 պատանիներ ու աղջիկներ:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական պատասխանատու կառույցների, հասարակական կազմակերպություների, ինչպես նաեւ հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ:

Պատանիներն ու աղջիկները Հայաստանում կլինեն 14 օր: Նրանց հագեցած օրեր են սպասվում'նրանք կլինեն Երեւանի թանգարաններում, Ծիծեռնակաբարդի հուշահամալիրում, կայցելեն քաղաքից դուրս' Գառնի, Գեղարդ, Օշական, Զվարթնոց, Էջմիածին, Սարդարապատ եւ այլն: Այնուհետեւ նրանք' իրենց հյուրընկալած ընտանիքի երեխայի հետ կլինեն Աղվերանում կազմակերպված ճամբարում:

Հ. Հակոբյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ծրագրի մասնակիցները Հայաստանում լավ ժամանակ անցկացնեն: Դրանից բացի, միջոցառումներ են նախատեսվում, որոնց շրջանակներում երեխաները գիտելիքներ ձեռք կբերեն Հայաստանի մասին: «Երեխաները Հայաստանից պետք է վերադառնան գիտելիքի մեծ պաշարով: Պետք է համախմբել մեր ուժերը' հետագայում Հայաստանի զարգացման համար օգտագործելու, հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու համար»,-ասաց Հ. Հակոբյանը: Նրա խոսքով' ծրագրի յուրաքանչյուր մասնակից Հայաստանի դեսպանն է դառնում այլ երկրներում:

«Մենք բոլորս միասին պետք է հասնենք նրան, որ Հայաստանը չտեսած, հայրենիքի մասին միայն տեսական գիտելիքներ ունեցող հայերն անպայման գան Հայաստան»,-ասաց Հ. Հակոբյանը:

Հորդանանից ժամանած մանկավարժ Ռաքել Ասատրյանը, կարեւորելով ծրագրի իրականացումը, նշեց, որ այն մեծ նշանակություն ունի Հայաստանից դուրս գտնվող յուրաքանչյուր հայի համար: Ըստ նրա' ծրագիրը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից շփվել հայրենակիցների հետ, նոր կապեր հաստատել, լինել պատմամշակութային վայրերում:

Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալող ընտանիքներին ջերմ ընդունելության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում