Փաստ մեկնաբանությամբ

Հ. Կարապետյանը պատահական չի համարում ՌԴ-ի կողմից հայ-ռուսական ռազմական պայմանագրի վավերացումը կազանյան հանդիպումից առաջ

3 րոպեի ընթերցում

Հ. Կարապետյանը պատահական չի համարում ՌԴ-ի կողմից հայ-ռուսական ռազմական պայմանագրի վավերացումը կազանյան հանդիպումից առաջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը վերջին շրջանում իր դիրքերն ուժեղացնում է' դաշնակիցների հետ ավելի ընդգրկուն եւ ամուր հարաբերություններով: Այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի Ազգային ժողովի ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն այս առումով պատահական չհամարեց այն, որ Ռուսաստանի Պետդուման Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ վավերացրեց հայ-ռուսական ռազմական պայմանագիրը, որով երկարացվեց մեր երկրում ռուսական ռազմաբազայի գործելու ժամկետը' մինչեւ 49 տարով:

«Կարծում եք պատահակա՞ն էր օրն ընտրված: Մեկնաբանությունները թողնում են ձեզ»,- դիմելով լրագրողներին' ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավորը:

Նրա խոսքով' մեր երկիրը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում է հատկապես ամրապնդում իր դիրքերը միջազգային ասպարեզում: «ՀԱՊԿ-ը գնալով զարգանում է եւ դառնում կայացող մարմին, որն արդեն ունի զինուժ: Սրանով ամրանում է նաեւ նրա անդամ-պետությունների դիրքերը միջազգային ասպարեզում»,- կարծիք հայտնեց Հ. Կարապետյանը: Ըստ նրա' Հայաստանի Ազգային ժողովը շուտով պետք է վավերացնի ՀԱՊԿ-ին վերաբերող միջազգային 6 պայմանագիր, որոնք ստորագրվել են անդամ-պետությունների նախագահների կողմից' 2010 թվականի դեկտեմբերի 10-ին: «Դրանք վերաբերում են ՀԱՊԿ-ի զինված ուժերի ավելի կազմակերպված լինելուն, ռազմական արդյունաբերության վերաբերյալ համագործակցության խնդիրները կանոնակարգելուն եւ այլ հարցերի: Հայաստանը, որը Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամներից է, բավականին մեծ դերակատարություն ունի այս բոլոր խնդիրների լուծման գործում»- ընդգծեց Հ. Կարապետյանը:

Նա փաստեց, որ մենք ոչ միայն ինքներս ենք կազմակերպում եւ զարգացնում մեր երկրի զինված ուժերը, պատրաստվում հնարավոր պատերազմին եւ ագրեսիային, «այլեւ մեր թիկունքն ենք ամրապնդում մեր դաշնակից պետությունների միջոցով, այն պետությունների, որոնք մեզ հետ ունեն ռազմական դաշինք»: «Լավ կլինի, որ ԼՂ խնդրում խաղաղ բանակցություններն իրենց պտուղները տան, սակայն կյանքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ դաշինքի, չի հրաժարվում ռազմական հռետորաբանությունից, չի ուզում որեւէ զիջում անել այն երկրին, որին պատերազմում պարտվել է: Պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ պարտված կողմը բանակցություններում հաղթող դուրս գա: Միշտ էլ պարտված կողմը պետք է զիջի: Ադրբեջանը սա չի հասկանում, եւ մենք պետք հասկացնենք այն»,- ընդգծեց ՀՀ ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում