Մ. Վարդազարյան. «Զբաղվածությունը մարդուն օգնում է գիտակցել իր հնարավորությունների իրական չափերը»
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում «Երաժշտական մոլորակ» ծրագրի շրջանակներում դպրոցի սաները հանդիպեցին ճանաչված կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանի հետ: Երգահանին իրենց հարցերն ուղղեցին դպրոցի ավարտական դասարանի աշակերտներ Նորայր Զորյանն ու Նինա Ղարիբյանը:
- Պարո'ն Վարդազարյան, այնքան շատ են Ձեր կոչումները, եւ այնքան լայն է Ձեր մանկավարժական, հասարակական գործունեության ոլորտը, որ հարց է ծագում' ինչպե՞ս եք այս ամենը հասցնում:
- Եթե մարդ զբաղվածություն չի ունենում, նա ոչինչ չի հասցնում: Իսկ երբ զբաղվածություն ես ունենում, ուրեմն պահանջված ես, քո պահանջարկը կա: Հիշում եմ' մի անգամ ինձ միաժամանակ առաջարկվեց գրել երաժշտություն «Քաջ Նազար»-ի եւ «Մակբեթ»-ի համար: Թեեւ դրանք ծայրահեղ բեւեռներում են' կատակերգություն եւ ողբերգություն, սակայն ես հասցրեցի մեկ ամսվա մեջ երկուսն էլ անել: Եթե առանձին-առանձին անեի, երեւի 2 ամսվա մեջ չհասցնեի եւ ոչ մեկը: Այնպես, որ զբաղվածությունը մարդուն օգնում է գիտակցել իր հնարավորությունների իրական չափերը: Խոսքը գնում է ինչպես ֆիզիկական հնարավորությունների, այնպես էլ' մտածելակերպի մասին:
- Պարո'ն Վարդազարյան, մանկության տարիներին ծուլացե՞լ եք:
- Ծուլությունը մարդկային առաջընթացի շարժիչ ուժն է, որովհետեւ մարդն անում է ամեն ինչ, որպեսզի ոչինչ չանի: Բոլոր հայտնագործություններն էլ հենց դրա համար են, որ մարդ ոչինչ չանի: Ծուլությանը տուրք տալով' ես կոչ եմ անում բոլորին լինել աշխատասեր, աշխատունակ, որովհետեւ այն, ինչ մարդ իր մանկության տարիներին է ձեռք բերում, մնում է:
- Կարծիք կա, որ մանուկների համար ստեղծագործելը շատ դժվար է: Համաձա՞յն եք արդյոք այս մտքի հետ:
- Մանուկների համար հարկավոր է գրել այնպես, ինչպես մեծերի համար' միայն ավելի լավ: Դժվար չէ իրականում մանուկների համար ստեղծագործել, եթե ինքդ կարողանում ես մանկանալ, եթե ինքդ քեզ զգում ես մանուկ: Բայց եթե կասկածում ես, թե արդյոք երեխաները կհասկանան այսինչ բանը, կամ խնդիր ես դնում' ծամծմել, նոր հրամցնել, այդ դեպքում արդեն սկսում են դժվարությունները: Գրի'ր եւ նվագի'ր այնպես, ինչպես ինքդ կցանկանայիր լսել: Սա է իմ նշանաբանը:
- Ի՞նչ եք կարծում, դասախոսները նույն կե՞րպ են վերաբերվում իրենց բոլոր սաներին:
- Մարդուն հատուկ է համեմատաբար եւ համեմատության միջոցով իր հարաբերությունները ճշգրտելը: Մանկավարժը երբեք ցուցադրաբար չի տարբերակի ոչ մեկին, բայց ներսում' ինքն իր մեջ, այլ գնահատական է տալիս: Այդպիսի մոտեցումը ես չեմ համարում մեղադրանք ուսուցչի նկատմամբ, բայց եթե նա ցուցադրաբար է դա անում, արդեն ընդունելի չէ:
- Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ Դուք ոչնչացրել եք Ձեր ստեղծագործությունը: Եվ եթե այո, զղջացե՞լ եք, թե՞ ոչ:
- Որպես այդպիսին, երբեք չեմ ոչնչացրել ձեռագրերս: Որոշել եմ երբեւիցե չոչնչացնել, որպեսզի դրա համար չզղջամ: Լինում են դեպքեր, երբ գործը դնում եմ մի կողմ, միառժամանակ հետո ուրիշ աչքով եմ նայում դրան, սակայն ոչնչացնել ոչ մի բան չարժե:
- Ո՞վ է Ձեր ստեղծագործությունների առաջին ունկնդիրն ու քննադատը:
- Բնականաբար, ստեղծագործություններիս առաջին ունկնդիրը տիկինս է: Միշտ նա է առաջինը լսում ստեղծագործություններս ու իր կարծիքը հայտնում դրանց վերաբերյալ: Ամենից կարեւոր փաստն այն է, որ պետք է անսահմանորեն վստահես առաջին ունկնդրիդ, որովհետեւ նա կարող է քեզ շողոքորթել եւ ստել, որը նախընտրելի տարբերակ չէ:
- Կփոխե՞ք որեւէ բան Ձեր կյանքում, եթե լիներ նման հնարավորություն: Եվ եթե լիներ կախարդական փայտիկ, ի՞նչ կուզենայիք, որ կատարվեր:
- Կցանկանայի, որ ամեն ինչ նորից կրկնվեր' բացի կորուստներից: