Տնտեսություն

Հանրապետությունում բջջային կապի հասանելիությունը 100 տոկոս է

3 րոպեի ընթերցում

Հանրապետությունում բջջային կապի հասանելիությունը 100 տոկոս է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում բջջային կապի հասանելիությունը 100 տոկոս է, ավելացել է ֆիքսված կապի բաժանորդների, ինտերնետ օգտագործողների թիվը, նվազել' սակագները: Երեւանում այսօր մեկնարկած Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստի ժամանակ, հյուրերին ներկայացնելով Հայաստանում կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցած զարգացումները, այս մասին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Նշենք, որ նիստին մասնակցում են նաեւ Ռուսաստանի Դաշնության կապի զանգվածային հաղորդակցության նախարար Իգոր Շոգոլեւը, Բելառուսի Հանրապետության կապի եւ տեղեկատվության նախարար Նիկոլայ Պանտելեյը, Ղազախստանի Հանրապետության կապի եւ տեղեկատվության նախարար Ասկար Ժումագալիեւը, այլք:

Մ. Վարդանյանը կարեւորեց նիստի կազմակերպումը' ընդգծելով, որ ԿՏՀ-ն մեծ հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում:»Հեռահաղորդակցությունը մեծ նշանակություն ունի տնտեսության զարգացման հարցում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շատ է կարեւորում այս ոլորտի զարգացումը եւ բազմաթիվ ծրագրեր իրականացնում' դրա կայացմանը նպաստելու նպատակով»,- ասաց նախարարը' հավելելով, որ կառավարության ռազմավարությունը կապի զարգացման գործում իրեն արդարացրել է:

Ի. Շոգոլեւն էլ նշեց, որ անհանգստացնող ընդհանուր շատ հարցեր կան, որոնք քննարկվել ենք նաեւ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Դրանցից նա հատկապես կարեւորեց լայնաշերտ ինտերնետի ապահովումը ԱՊՀ երկրների ողջ տարածքում, ինչպես նաեւ մոդելների տեսակների կիրառությունը:

Ինչպես նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ի. Շոգոլեւը, քննարկվել են նաեւ փոստային կապի զարգացման ու այդ ոլորտում համագործակցության վերաբերյալ խնդիրներ:

Անդրադառնալով էլեկտրոնային ստորագրությունների' տարբեր երկրներում ճանաչմանը, նա անհրաժեշտ համարեց անցնել անդրսահմանային փոխգործակցության: «Դա կարեւոր է նաեւ էլեկտրոնային առեւտրի, էլեկտրոնային տարբեր ծառայությունների համար: Այդ անցումը դժվար չէ, հարկավոր է միայն պայմանավորվել: Պարզապես քաղաքական կամքի եւ ճարտարագիտական մի քանի լուծումների հարց է»,- ասաց Ի. Շոգոլեւը:

Կապի վարչակազմերի ղեկավարների նիստի օրակարգում ընդգրկված են միջազգային եւ տարածաշրջանային համաժողովներում' ռադիոկապի, փոստային ծառայությունների, արբանյակային կապի զարգացման եւ էլեկտրակապի բնագավառներում ԿՏՀ-ի վարչակազմերի համատեղ առաջարկությունների եւ որոշումների քննարկմանն ու նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Հունիսի 2-ին տեղի կունենա Կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների Համակարգող խորհրդի 17-րդ նիստը: Դրա շրջանակում կքննարկվեն ԱՊՀ անդամ պետությունների տեղեկատվական հասարակության կառուցմանը եւ զարգացմանն ուղղված համագործակցության ռազմավարությունը եւ մինչեւ 2015թ-ի գործողությունների ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում