Օծվել է Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցին
4 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ մայիսի 29-ին Դոնի Ռոստովում օծվել է Սուրբ Հարություն նորակառույց եկեղեցին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, եկեղեցու օծման արարողությանը մասնակցել են Հայաստանից ժամանած ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Ջամբարջին եւ գործադիր տնօրեն Լեւոն Սարգսյանը, ՀԲԸՄ երեւանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը:
Սբ. Հարություն եկեղեցին կառուցվել է պատմական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում (կառուցված՝ 1783թ), որը համայնավարների կողմից քանդվել է 1965թ.: Նոր եկեղեցին կառուցվել է Կարապետյան եւ Ղազարյան ընտանիքների բարերարությամբ' ի հիշատակ Սահակ Կարապետյանի վաղամեռիկ որդու' Արթուր Կարապետյանի: Եկեղեցու ճարտարապետն է Միխայիլ Սարգսյանը:
Եկեղեցու ծծման արարողությանը հաջորդել է Ս. Պատարագը, որը մատուցել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ս. Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետը ռուսաստանաբնակ հայորդիներին ուղղել է հայրապետական իր պատգամը: Նորին Սրբությունը փառք եւ գոհություն է հայտնել Աստծուն, որ մի նոր տաճար իր դռներն է բացում հավատացյալների առջեւ. «...Հայոց նոր աղոթավայր է վեր հառել Ռուսիո օրհնյալ հողում, որպեսզի այստեղ իրենց ստեղծագործ ընթացքով ապրող հայորդիք անմասն չմնան հայ եկեղեցիներից բաշխվող աստվածային օրհնությունից, առավել զորացնեն հոգեւոր-եկեղեցական կյանքը համայնքի, եւ եկեղեցու շուրջը համախմբումով ամուր պահեն աստվածասիրությունը, ազգային գիտակցությունն ու հայրենանվիրումը»: Հայրապետը հորդորել է ներկա հայորդիներին աներեր պահել հավատը, զորեղ' աստվածասեր ու եկեղեցանվեր ոգին եւ պահպանել նախանձախնդրությունն ու հավատարմությունը հայրերի սրբազան արժեքների հանդեպ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր գնահատանք է հայտնել եկեղեցու բարերարներ Սահակ Կարապետյանին եւ Վլադիմիր Ղազարյանին: Ս. Հարություն եկեղեցու օծման առիթով Սահակ Կարապետյանին շնորհվել է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, իսկ Վլադիմիր Ղազարյանին' «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան: Այս առիթով հրապարակվել են նաեւ Հայրապետական սրբատառ կոնդակները:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքն է բերել նաեւ տարածաշրջանի իշխանություններին' ի դեմս պատարագին ներկա փոխնահանգապետի եւ մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Դերյաբկինի, ինչպես նաեւ Ռոստովի եւ Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեյմոնին, ովքեր հայ համայնքի հանդեպ բարյացակամ եւ ուշադիր վերաբերմունքով աջակից են համայնքի ազգային-եկեղեցական կյանքի կազմակերպմանն ու նոր ձեռքբերումների կերտմանը: Այս առիթով Վեհափառ Հայրապետը Օրհնության գիր է ընծայել Դոնի Ռոստովի քաղաքապետ Միխայիլ Չեռնիշովին' Սուրբ Հարություն եկեղեցու կառուցման սրբազան գործում բերած վաստակի համար:
Նորին Սրբությունն օծման առիթով նորակառույց եկեղեցուն է ընծայել Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերված «Աստվածամայրը մանկան հետ» նկար:
Ս. Պատարագից հետո Ռոստովի հայ համայնքի կողմից կազմակերպվել է ճաշկերույթ' ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Նույն օրը երեկոյան Վեհափառ Հայրապետը վերադարձել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին: