Ս. Սմբատյան. «Երբ խոսում ենք բարձր արվեստի մասին, կենցաղային հարցերը երկրորդական են դառնում»

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հետաքրքիր եւ բազմապիսի ծրագրերով արվեստասեր հասարակությանն է ներկայանում ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Նվագախմբի գործունեության եւ ոլորտում առկա խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցեց նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

-Պարո'ն Սմբատյան, ո՞րն էր այն գաղափարը, որի շնորհիվ ձեւավորվեց նվագախումբը: Ի՞նչ խնդիրների առջեւ եք ստիպված եղել կանգնել:

-Նվագախումբը ձեւավորվեց 2005 թվականին, եւ մենք սկզբնական շրջանում աշխատում էինք օրական 6-7 ժամ, որպեսզի կարողանանք հասնել մեր երազած արդյունքին: Ժամանակացույցը ծանր էր, կային ֆինանսական խնդիրներ, սակայն հետաքրքիրն այն է, որ հիմա' ժամանակի հեռավորությունից, արդեն կարծում եմ, որ մեզ այդ շրջանում պետք չէր ոչինչ. բավական էր միայն ընդհանուր հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ: Միայն սերը դեպի երաժշտությունն օգնեց մեզ: Ես վստահ եմ, երբ խոսում ենք բարձր արվեստի մասին, կենցաղային հարցերը երկրորդական են դառնում, որովետեւ եթե կենցաղը գերիշխում է, արվեստը տուժում է: Սերը դեպի երաժշտությունը, էնտուզիազմը, միտքը' «մեզ մոտ ամեն ինչ կստացվի», հանգեցրեց նրան, որ մեզ մոտ իրոք ամեն ինչ ստացվեց: Նվագախումբը ստեղծվեց, որպեսզի ցույց տայինք, որ հայ դասական արվեստն ունի պրոֆեսիոնալ պատկանելիություն:

- Պարո'ն Սմբատյան, Հայաստանի երիտասարդական նվագախմբի անդամները Ձեր հասակակիցներն են: Դժվա՞ր չէ արդյոք հասակակիցների հետ աշխատել:

-Այս հարցն ինձ բավականին հաճախ է տրվում, եւ ես միշտ պատասխանում եմ, որ երբեւէ դրա պատճառով խնդիրներ նվագախմբում չեն առաջանում, քանի որ կա միասնական գաղափար, որը միավորում է մեզ բոլորիս: Այս պարագայում բոլորիս մոտ գերիշխում է մեկ գաղափար, որի շնորհիվ նմանատիպ խոսակցություններ չեն լինում: Մյուս պատճառն այն է,որ ես ինձ չեմ ընդունում այնպիսի մարդ, որը պետք է ճնշի բոլորին իր լիդերությամբ: Մենք ընկերներ ենք, որոնք իրենց աշխատանքից հաճույք են ստանում:

- Քանի՞անդամ ունի այսօր նվագախումբը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի երաժիշտները մնան նվագախմբում:

-Նվագախումբը բաղկացած է մոտ 70 անդամներից, բոլորն էլ տաղանդաշատ երաժիշտներ են, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողներ ու ասպիրանտներ: Կարեւորը ֆինանսը չէ: Իհարկե, դա եւս կարեւոր է, սակայն երբ կա դրանից ավելի բարձր գաղափար, այն դառնում է երկրորդական: Այն դեպքում, երբ կա ընդհանուր ցանկություն, ֆինանսն անտեսվում է:

- Ո՞վ է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հանդիսատեսը: Որքա՞ն տեղ են զբաղեցնում երիտասարդները:

-Նվագախմբի հանդիսատեսը հասարակության այն զանգվածն է, որն ունի դասական երաժշտության պահանջ ու կարիք: Եվ չափազանց ուրախ եմ, որ նրանց մեջ մեծ մաս են կազմում երիտասարդները: Երբ Հայաստան էր ժամանել մեգաաստղ Մաքսիմ Վենգերովը, նա համերգից հետո նշեց, որ ինքը զարմացած է, քանի որ հայ հանդիսատեսը երիտասարդ է: Մենք շատ ենք ասում, որ հիմա քիչ են դասական երաժշտության ունկնդիրները, սակայն ես կարծում եմ, որ այն չպետք է հասարակության լայն շերտերի համար մատչելի լինի: Անհատը պետք է հոգեպես դրա պակասը զգա: Դա բնական ընթացք է, որը յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր տարիքում է հայտնվում'մեկի մոտ շուտ, մյուսի մոտ ուշ, իսկ երրոդն էլ գուցե ամբողջ կյանքում էլ դրան չի հանգում: Ես պրագմատիկ մարդ եմ եւ կարող եմ վստահաբար նշել, որ մենք մշակույթի ասպարեզում ունենք հաջողություններ: Հայաստանում կա դրական առաջընթաց:

-Ինչպիսի՞ն է հայ հանդիսատեսի պատրաստվածության մակարդակը:

-Հաճախ լսում եմ, որ մարդիկ բողոքում են, որ հայ հանդիսատեսն այնքան անկիրթ է, որ ծափահարում է մասերի մեջտեղում: Գուցե իրոք դա տհաճ է, բայց եթե մարդը եկել է դասական համերգի եւ ուզում է ծափ տալ, չի կարելի նրան քննադատել;

-Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան արդի մշակութային կյանքը:

-Իհարկե, առաջընթաց նկատվում է, շատ անվանի երաժիշտներ են համերգներով գալիս Հայաստան, սակայն գալով' նրանք պետք է հայկական մշակույթի կայացման գործում իրենց լուման ունենան: Միայն գալն ու համերգ տալը բավարար չԷ:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Հայերեն English