«Սասունցի Դավիթ» անիմացիոն ֆիլմը թարգմանվում է անգլերեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» անիմացիոն ֆիլմը թարգմանվում է անգլերեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, անգլերեն թարգմանությամբ մուլտֆիլմի տարբերակի ստեղծման համար պայմանավորվածություններ են ձեռք բերվում անգլախոս դերասանների հետ, ովքեր կկերպավորեն հերոսներին: Անգլալեզու տարբերակը, կինոկենտրոնի տնօրենի խոսքով, փոքր-ինչ կտարբերվի բնօրինակից. հնարավոր է` ինչ-որ մասեր հանվեն:
Գ.Գեւորգյանն ասաց, որ «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը նախատեսվում էր ներկայացնել Կաննի միջազգային կիոնփառատոնի մրցութային որեւէ ծրագրում, սակայն առայժմ թարգմանված տարբերակն ամբողջությամբ չունենալու պատճառով չեն դիմել: Բացի դրանից, Կաննի փառատոնում ցուցադրվող մուլտֆիլմերը շատ քիչ են լինում ու հիմնականում ներկայացվում են կինոփառատոնի բացման արարողության ժամանակ: Այն կմասնակցի Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային, որին Հայաստանից ներկայացված են եւս 8 անիմացիոն ֆիլմեր: