Տնտեսություն

«Հողերի միավորման եւ կատարելագործված հողաշինարարական սխեմաներիպատրաստմանե ծրագիրը կնպաստի հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Հանրապետությունում գալիք տարվանից կգործի «Հողերի միավորման եւ կատարելագործված հողաշինարարական սխեմաների պատրաստման ծրագիրըե: Այն մշակվել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ու ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից եւ արժե 320 հազար դոլար: Ծրագիրն իրականացվելու է կամավորության սկզբունքով` ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի (սեփականատերեր, տեղական ու տարածքային կառավարման մարմիններ) լիարժեք մասնակցությունը: Կարիքների գնահատումն ու տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով դրա շրջանակներում կանցկացվեն նաեւ ուսուցողական դասընթացներ: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին ասացին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման եւ մելիորացման վարչությունում, ծրագրի շրջանակներում մշակվել են հողերի միավորման, հողաշինարարության կատարելագործման, արդյունավետ կառավարման մեխանիզմները, օրենսդրական, մեթոդական, կազմակերպչական, ինստիտուցիոնալ, ինչպես նաեւ տեխնիկական միջոցառումները: Զուգահեռ կազմվել եւ պլանավորվել են նաեւ հողերի միավորման հայեցակարգն ու հողօգտագործման ռազմավարական փաստաթղթերը: Մասնագետների պնդմամբ` Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը, հատկապես` հարթավայրային գոտում, սեփականաշնորհումից հետո բավականին մասնատվել են: Օրինակ` Արարատյան դաշտում սեփականաշնորհված մեկ հողակտորի միջին չափը 0,50-0,70 հա է: Դրանք էլ իրենց հերթին տրոհված են 2-3 հողակտորների: Ծրագրի իրականացումը ոչ միայն կնպաստի վերոնշյալ հողերի միավորմանն ու հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, այլեւ հողի կենսունակ շուկայի ձեւավորմանն ու գյուղատնտեսության արդյունավետ արտադրության կազմակերպմանը: Նշենք, որ այս տարի Նոր Երզնկա համայնքի (Նաիրիի տարածաշրջան) ավելի քան 50 հեկտար տարածքներում իրականցվել է հողերի միավորման փորձնական ծրագիր: Ամփոփումից հետո արդյունքները դրական են գնահատվել ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ու ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում