2 րոպեի ընթերցում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ ընտրատեղամասում առկա չէ տեխնիկական խնդիր, որի հետևանքով սարքերը չեն ճանաչում նոր կենսաչափական անձնագրերը կամ նույնականացման քարտերը։
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
«Նոր կենսաչափական փաստաթղթով անձինք չեն կարողացել քվեարկել բացառապես այն դեպքում, երբ ընտրողը ընտրողների ցուցակում ընդգրկված է եղել իր նախկին՝ հին անձը հաստատող փաստաթղթի տվյալներով, սակայն քվեարկության ներկայանում է նոր փաստաթղթով։
Նման իրավիճակում ընտրողը պետք է դիմի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ ստանալու տեղեկանք, որը կհաստատի, որ նախկին փաստաթղթի տվյալներով ընտրողների ցուցակում ընդգրկված անձին տրամադրվել է նոր անձը հաստատող փաստաթուղթ։
Տեղեկացնում ենք, որ անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի ձևանմուշները նախապես պատշաճ կերպով մատակարարվել են հանրապետության տարբեր իրավասու մարմիններ, այդ թվում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պատշաճ փորձարկումների և սարգավորումների կարգաբերման համար։
Այսպիսով, խնդիրը կապված չէ ընտրատեղամասերում առկա սարքերի աշխատանքի կամ նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ, այլ ընտրողների ցուցակում առկա տվյալների և ներկայացված փաստաթղթի տվյալների անհամապատասխանության հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Հայաստանի Հանրապետության 12 համայնքներում նոյեմբերի 29-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Կապան, Շիրակի մարզի Ամասիա եւ Աշոցք, Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ, Արմավիրի մարզի Բաղրամյան և Մեծամոր համայնքներում անցկացվում են համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Արագածոտնի մարզի Արեւուտ և Մեծաձոր համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են։