ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ

2 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։ 

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 1 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է պահպանություն։

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին ներկայացվել է 44 դիմում, որից 26-ը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ, մերժվել է 13 դիմում։ 

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 5 անձ։ 

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել:

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է մինչև 10 խորհրդատվություն։

Հայաստանի Հանրապետության 12 համայնքներում նոյեմբերի 29-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Կապան, Շիրակի մարզի Ամասիա եւ Աշոցք, Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ, Արմավիրի մարզի Բաղրամյան և Մեծամոր համայնքներում անցկացվում են համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Արագածոտնի մարզի Արեւուտ և Մեծաձոր համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են։ 

Հայերեն