ԱԺ փոխնախագահն ընդունում է նոր Սահմանադրությունում քաղաքացիությունից զրկելու դրույթի չարաշահման ռիսկը
2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ընդունել է, որ նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության վերաբերյալ առաջարկվող դրույթը կարող է չարաշահման ռիսկեր պարունակել։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում իշխանությունը պատրաստ է լրացուցիչ հստակեցումների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեքսանյանը թեմային անդրադարձել է նոյեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով ապագայում այդ դրույթը քաղաքական հակառակորդների դեմ կիրառելու հնարավորության մասին հարցին։
«Այդ ռիսկը միանշանակ կա, քննարկում ենք։ Մեր քննարկումների ժամանակ էլ, ի դեպ, ասել ենք, որ Սահմանադրությունը նաև պետք է դիտարկել հենց վատագույն կանխավարկածից ելնելով։ Այսինքն՝ ինչպես կվարվի, ենթադրենք, ինչ-որ գերավտորիտար մեկը, եթե հայտնվի իշխանության ղեկին Հայաստանում»,-ասել է Ալեքսանյանը։
Նա նշել է, որ քննարկվել է նաև քաղաքական հակառակորդին քաղաքացիությունից զրկելու միջոցով ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու ռիսկը։
«Այդ ռիսկը քննարկել ենք։ Հիմա, եթե լրացուցիչ հստակեցումների կարիք կա, եթե լավարկումների տեղ կա, միանշանակ պատրաստ ենք։ Շատ ողջունում ենք այս քննարկումները, այս հարցերի բարձրացումը։ Խնդրում ենք՝ էլ ավելի ակտիվ դա արեք»,– ընդգծել է ԱԺ փոխնախագահը։
Միաժամանակ Ալեքսանյանը պնդել է, որ միայն բողոքի ակցիային մասնակցելը չի կարող քաղաքացիությունից զրկելու հիմք լինել։ Որպես քննարկման օրինակ՝ նա ներկայացրել է երկքաղաքացու՝ Հայաստանի դեմ այլ պետության օգտին լրտեսություն կատարելու հնարավոր դեպքը։
Գործող Սահմանադրությունն արգելում է ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից զրկելը։ Նոր նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված դեպքերում դա թույլատրել դատարանի որոշմամբ՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։