2 րոպեի ընթերցում
Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներկայում շաբաթական իրականացվում է շուրջ 30 ուղիղ չվերթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Պապոյանի խոսքով՝ երկու երկրների միջև շարունակաբար ավելանում են զբոսաշրջային հոսքերն ու մարդկանց անմիջական շփումները։
«Հայաստանի և ԱՄԷ-ի միջև շարունակաբար ավելանում են նաև զբոսաշրջային հոսքերը և երկու ժողովուրդների միջև անմիջական շփումները։ Դրա վառ ապացույցներից է ներկայումս շաբաթական շուրջ 30 ուղիղ չվերթների առկայությունը։ ԱՄԷ-ն շարունակում է մնալ հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկը։ Միաժամանակ հաստատուն կերպով աճում է նաև էմիրաթցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ»,– նշել է Պապոյանը։
Նախարարն անդրադարձել է նաև քաղաքացիների փոխադարձ այցելությունները դյուրացնելու ուղղությամբ ընդունված որոշմանը։
«Ուրախությամբ ցանկանում եմ հիշատակել նաև, որ 2023 թվականին մեր երկրների միջև ստորագրվեց արձանագրություն, որի արդյունքում փոխադարձաբար վերացվեցին երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջները»,– ասել է նա։