Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան
2 րոպեի ընթերցում
Հայաստանն ու Թուրքիան շատ մոտ են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս գնահատականը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում՝ պատասխանելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցին։
Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետ հարաբերություններում շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել՝ անդրադառնալով նաև առևտրային կապերին։
«Թուրքիան բացել է իր ճանապարհները Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման համար, թեպետ ոչ ուղղակիորեն մեր ցամաքային սահմանով, այլ Վրաստանի տարածքով։ Սակայն դա իրավիճակի իրական փոփոխություն է։ Ես համոզված եմ, որ մոտ ապագայում մենք կհասնենք Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք նորմալացման, լիարժեք կարգավորման»,- ասել է Փաշինյանը։
Նա այդ համատեքստում անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։
«Երկու օր առաջ ես շատ դրական հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Երկուստեք արձանագրեցինք, որ առաջընթաց ունենք և շատ մոտ ենք վերջին քայլին՝ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ և լիարժեք բացելու սահմանները»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը շեշտել է, որ հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։ Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը խորացնելիս՝ Հայաստանը պետք է շարունակի կենտրոնանալ նաև իր տարածաշրջանի վրա։