Ֆինանսների նախարարը լրատվամիջոցներին ֆինանսավորելու նոր համակարգում կարևորել է պարզ հաշվետվողականությունը
4 րոպեի ընթերցում
Հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և կուսակցություններին վճարված եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումների առավելագույն չափը դեռ որոշված չէ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ֆինանսների նախարարի խոսքով՝ նախատեսվող համակարգում կարևոր է նաև պարզ հաշվետվողականությունը, որպեսզի քաղաքացիները հասկանան՝ ինչի համար են փոխանցում իրենց գումարը։
Նախարարը պարզաբանել է, որ նոր հնարավորությունից օգտվելու համար քաղաքացին պետք է ունենա վճարված եկամտային հարկի չվերադարձված մնացորդ։ Եթե եկամտային հարկն ամբողջությամբ վերադարձվել է, օրինակ՝ հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի շրջանակում, այդ գումարի հաշվին նոր հատկացում կատարել հնարավոր չի լինի։
«Սկզբունքն այն է լինելու, որ մարդն այդ գումարը պիտի վճարի իր վճարած եկամտահարկից։ Եթե իր վճարած եկամտահարկի մնացորդ չկա, այսինքն՝ ինքն արդեն սպառել է, օրինակ՝ հիփոթեքի միջոցով հետ է ստացել, չի կարողանա դա անել»,- ասել է Հովհաննիսյանը։
Հստակեցված չէ նաև՝ նոր հնարավորությունը կներառվի՞ սոցիալական ծախսերի փոխհատուցման գործող սահմանաչափում, որն այս պահին կազմում է առավելագույնը 100 հազար դրամ, թե՞ կգործի դրանից դուրս։
«Դեռ որոշում չի կայացվել այն մասին՝ դա կլինի՞ հավելյալ 100 հազար դրամին, որն այսօր կա, թե՞ կլինի 100 հազար դրամի մեջ։ Երբ այդ որոշումները կկայացվեն, դրա մասին կխոսենք»,- նշել է նա։
Լրագրողները հետաքրքրվել են նաև՝ Կառավարության սահմանելիք չափանիշները կարո՞ղ են հանգեցնել նրան, որ իշխանությանը քննադատող լրատվամիջոցները զրկվեն նախատեսվող ֆինանսավորումից։ Հովհաննիսյանը մերժել է նման մեկնաբանությունը՝ նշելով, որ նպատակը պարզ ու հասկանալի հաշվետվողականության համակարգ ունենալն է։
Նրա խոսքով՝ աջակցություն տրամադրող քաղաքացին պետք է կարողանա մատչելի ձևով տեղեկություն ստանալ տվյալ լրատվամիջոցի գործունեության մասին։ Միաժամանակ հաշվետվողականության պահանջները չպետք է ավելորդ ծանրաբեռնվածություն ստեղծեն։
«Պարզ է, որ հարյուր էջանոց հաշվետվություն լինի, դա լավ չի, այսինքն՝ մենք մեր նպատակին չենք հասնի։ Բայց ինչ-որ մի նվազագույն պահանջ պետք է դնենք։ Պետք է հասկանանք՝ որն է նվազագույն պահանջը, որպեսզի շատ չբարդացնենք, շատ չծանրաբեռնենք, բայց միևնույն ժամանակ ապահովենք նորմալ թափանցիկություն»,- ասել է Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նախագծի նպատակը կապել է լրատվամիջոցների անկախության ամրապնդման հետ։ Նրա ներկայացմամբ՝ հանրային ֆինանսավորումը պետք է խթանի, որ լրատվամիջոցներն իրենց աշխատանքում առաջնորդվեն քաղաքացիների տեղեկատվական պահանջներով։
Անդրադառնալով նվիրատվություն կատարող անձանց տվյալների գաղտնիության վերաբերյալ հարցին՝ նախարարը հայտնել է, որ այդ տեղեկությունները կդիտվեն որպես անձնական տվյալներ։ Նա հղում է արել ՊԵԿ-ում հարկային և եկամտային տեղեկությունների պահպանման գործող մեխանիզմներին՝ հավելելով, որ հնարավոր մտահոգությունները կարելի է առանձին քննարկել։
Կառավարությունը սեպտեմբերի 17-ին հավանություն էր տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է սոցիալական ծախսերի շրջանակում ներառել նաև քաղաքացիների՝ ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին և կուսակցություններին փոխանցվող անհատույց միջոցները։