Financial Times-ի առաջին FT Live ֆորումը Հայաստանում՝ Wilco Wealth Management-ի հետ համագործակցությամբ
6 րոպեի ընթերցում
Հայաստանում առաջին FT Live ֆորումը՝ «Building Armenia's Next Phase of Growth», տեղի կունենա 2026 թ. դեկտեմբերի 3-ին Մատենադարանում՝ Հայաստանի գրավոր ժառանգությունը պահպանող Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։ Financial Times-ի կողմից Wilco Wealth Management-ի հետ համագործակցությամբ կազմակերպվող ֆորումը կհամախմբի գործարար համայնքի ղեկավարների, ներդրողների, ձեռնարկատերերի, ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների, տնտեսագետների և տնտեսական քաղաքականություն մշակողների՝ քննարկելու երկրի տնտեսական հեռանկարները, ներդրումային հնարավորությունները և ֆինանսների ու մասնավոր կապիտալի փոփոխվող դերը։
Հայաստանը մի քանի տարի շարունակ արձանագրում է բարձր տնտեսական աճ՝ շնորհիվ բիզնեսի, տաղանդների և կապիտալի ներհոսքի, առևտրի ընդլայնման և ներդրումների ավելացման։ 2026 թ.-ին Fitch Ratings և Moody's վարկանշային գործակալությունները Հայաստանի ինքնիշխան վարկանիշի հեռանկարը բարելավեցին մինչև «դրական»։ Այժմ ուշադրությունը տեղափոխվում է այն գործոնների վրա, որոնք կարող են ապահովել այս զարգացման երկարաժամկետ կայունությունը։
Հայաստանի ֆինանսական հատվածը և աճող տեխնոլոգիական ոլորտը խթանում են նոր ներդրումները, մինչդեռ շատ ընտանիքներ, որոնք երկրի անկախության 35 տարիների ընթացքում ընկերություններ են հիմնել, այժմ պատրաստվում են բիզնեսը փոխանցել հաջորդ սերնդին։ Սա փոխում է, թե ինչպես են ֆինանսավորվում, ում են պատկանում և ինչում են ներդրվում բիզնեսն ու մասնավոր կապիտալը։
Քննարկումները կվարի Financial Times-ի շուկաների լրատվական բաժնի նորությունների խմբագիր Ջոնաթան Ուիթլին։ Մասնակիցները կքննարկեն, թե արդյոք Հայաստանը կկարողանա վերջին տնտեսական թափը վերածել արտադրողականության բարձրացման, բիզնեսների ամրապնդման և կայուն երկարաժամկետ աճի, ինչպես նաև բանկային ֆինանսավորման, մասնավոր կապիտալի և միջազգային ներդրումների ինչ համադրություն է անհրաժեշտ հայկական ընկերություններին՝ ավելի մեծ մասշտաբով աճելու և մրցակցելու համար։ Բանախոսները կանդրադառնան նաև այն հարցին, թե ինչպես կարող են սփյուռքի կապիտալը և ընտանեկան կապիտալի փոխանցումը հաջորդ սերնդին վերափոխել ներդրումները, սեփականության կառուցվածքը և ձեռներեցությունը։
Բանախոսների թվում են՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Wilco Wealth Management-ի գլխավոր տնօրեն Իրինա Բելիշեվան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան, The Family Doctor-ի գլխավոր տնօրեն Սամի Դվեկը, Strategic Value Ventures-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Կարեն Գյուլբուդաղյանը, Sololearn-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Եվա Հյուսյանը, Տնօրենների հայկական ինստիտուտի (AIoD) նախագահ, «ԱյԴի Բանկ»-ի (IDBank) տնօրենների խորհրդի անդամ Ելենա Խաչվանքյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, հեղինակ, Սենթ Ջոնսի համալսարանի Թոբինի բիզնեսի քոլեջի պրոֆեսոր Ալեքսանդր Գևորկյանը և Wilco Wealth Management-ի ռազմավարական նախագծերի տնօրեն Կարինա Արությունովան։ Ֆորումի ամբողջական ծրագիրը և բանախոսների ցանկը կհրապարակվեն ֆորումին ընդառաջ։
Wilco Wealth Management-ի գլխավոր տնօրեն Իրինա Բելիշեվան նշել է․ «Հայաստանի աճի հաջորդ փուլը ձևավորվում է նաև այսպիսի երկխոսություններում, որտեղ մեկ հարթակում հանդիպում են տեղական և միջազգային տեսակետները։ Երկրի կապիտալը ստեղծվել է ձեռնարկատերերի, ընտանիքների և Հայաստանի հետ կապը պահպանած սփյուռքի ջանքերով։ Այսօր նրանցից շատերը մտածում են այն մասին, թե ինչպես զարգանալ հետագայում, ինչպես ներդրումներ կատարել երկարաժամկետ հեռանկարով և ինչպես կապիտալը փոխանցել հաջորդ սերնդին։ Հպարտ ենք, որ մեր նախաձեռնությամբ այս երկխոսությունները, որոնք անցկացվում են Financial Times-ին բնորոշ խմբագրական անկախությամբ և վերլուծական մանրակրկիտությամբ, տեղի կունենան Հայաստանում՝ Մատենադարանում, հայկական գիտելիքի դարավոր ավանդույթների պահոցում»։
Ֆորումի մասին լրացուցիչ տեղեկությունները, ինչպես նաև առկա կամ առցանց մասնակցության գրանցումը հասանելի են ֆորումի պաշտոնական կայքում՝ https://live.ft.com/building-growth-armenia/home
Wilco-ի մասին Wilco Wealth Management-ը ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարգավորվող ներդրումային ընկերություն է։ 2008 թ.-ին Երևանում հիմնադրված և 2025 թ.-ին վերաբրենդավորված Wilco-ն ներդրումային ծառայություններ է մատուցում բարձր և գերբարձր զուտ ակտիվներ ունեցող ֆիզիկական անձանց (HNW և UHNW), ընտանեկան գրասենյակներին և կորպորատիվ հաճախորդներին։
FT Live-ի մասին FT Live-ը Financial Times-ի միջոցառումների կազմակերպման ստորաբաժանումն է։ Ավելի քան 130 տարի Financial Times-ը միջազգային ճանաչում ունի իր հեղինակության, ազնվության և ճշգրտության շնորհիվ։ FT Live-ը շարունակում է այս ժառանգությունը՝ կազմակերպելով միջոցառումներ, որոնք նվիրված են ոլորտների, տնտեսությունների և ժամանակակից աշխարհի զարգացումը պայմանավորող առանցքային միտումներին և իրադարձություններին։ Մասնագիտացված փորձագիտական հանդիպումներից մինչև մրցանակակիր ամենամյա գագաթնաժողովներ՝ FT Live-ի միջոցառումները մասնակիցներին տրամադրում են կարևորագույն բիզնես վերլուծություն և արժեքավոր գործնական կապեր հաստատելու հնարավորություն՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափով, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։