Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց
2 րոպեի ընթերցում
Եվրոպական միությունը հրաժարվել է Օտտավայում հոկտեմբերի 29-30-ը կայանալիք առաջիկա գագաթնաժողովում Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից՝ այդ հարցում նախընտրելով օգտագործել ավելի մեղմ ձևակերպումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով գագաթնաժողովի համատեղ հայտարարության նախագծի վերջին տարբերակը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԵՄ-ին անդամակցող 27 երկրները «ասոցացված անդամ» ձևակերպման փոխարեն օգտագործելու են բովանդակությամբ ավելի մեղմ՝ «առավել սերտ ասոցացում» արտահայտությունը։
Նշվում է, որ մի խումբ դիվանագետներ պարբերականին հայտնել են՝ համատեղ հայտարարությունում Կանադայի վերաբերյալ «ասոցացված անդամ» ձևակերպման օգտագործմանը դեմ են արտահայտվել Գերմանիան, Իտալիան, Հունաստանը և Ֆրանսիան։
«Մենք կձևավորենք էլ ավելի սերտ ասոցիացիա Կանադայի և ԵՄ միջև... և կաշխատենք Կանադայի և ԵՄ ավելի սերտ մերձեցման հայեցակարգ սահմանել մինչև 2027 թվականին կայանալիք ԵՄ-Կանադա գագաթնաժողովը, որը, սակայն, չի ենթադրելու լիիրավ անդամակցություն»,- մեջբերում է Politico-ն այս հատվածը հայտարարության նախագծից։
Նշվում է նաև, որ ներկայացված տեքստն, այնուամենայնիվ, դեռ վերջնականապես չի հաստատվել։