ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից
2 րոպեի ընթերցում
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի 21 համայնքում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում քաղաքական գործիչներին և զանգվածային լրատվամիջոցներին ուղղված կոչով է հանդես եկել։
«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը։
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում քաղաքական գործիչներին, զանգվածային լրատվության միջոցներին և ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20։00-ն, զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց և տարածելուց, որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արարատի մարզի Արտաշատ համայնքում, Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր համայնքներում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում, Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում, Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան համայնքներում, Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ համայնքներում, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք համայնքներում, Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան համայնքներում, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքնում։