ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին
2 րոպեի ընթերցում
Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է Ումմ ալ-Կուվեյն էմիրության բոլոր լողափերի և ափամերձ տարածքների ժամանակավոր փակման մասին նավթատարից նավթի արտահոսքի հայտնաբերման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ հայտնել է ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը։
«Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է, որ ԱՄԷ-ի տեխնիկական մոնիթորինգի և շրջակա միջավայրի գնահատման համակարգը հայտնաբերել է ծովային աղտոտում, որն առաջացել է նավթատարից արտահոսքի հետևանքով», - նշված է գրառման մեջ։
Ըստ հայտարարության՝ արտահոսքն ազդել է Ումմ ալ-Կուվեյնի ափերի վրա՝ առաջացնելով հոտ, որը նկատվել է Շարժայի, Աջմանի և Ումմ ալ-Կուվեյնի բնակիչների կողմից, որը առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում բնակչության համար։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ աղտոտվածությունը հայտնաբերելուց հետո մասնագիտացված խմբերը, համապատասխան մարմինների հետ համակարգված, անմիջապես սկսել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել արտահոսքը զսպելու և տուժած տարածքները մեկուսացնելու համար։
«Այս նախազգուշական միջոցառումների շրջանակում նախարարությունը ժամանակավորապես փակել է էմիրության բոլոր լողափերն ու ափամերձ տարածքները մինչև աշխատանքների ավարտը և անհրաժեշտ ընթացակարգերի սահմանումը։ Նախարարությունը կոչ է անում ձկնորսներին և ծովագնացներին հետևել հրահանգներին և զերծ մնալ տուժած տարածքներում ձկնորսությունից», - նշված է հայտարարության մեջ։