Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է գտնվում Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, աշխատանքային այցի շրջանակում Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Գիորգի Գվարաքիձեին և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված համագործակցության զարգացման հեռանկարները, քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցերն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։

Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև ձևավորված մասնագիտական սերտ կապերն ու փոխադարձ վստահությունն՝ ընդգծելով, որ արդյունավետ համագործակցության հիմքում ոչ միայն միջազգային պայմանագրերով սահմանված իրավական մեխանիզմներն են, այլև գործընկերների միջև անմիջական, օպերատիվ և կառուցողական հաղորդակցությունը։

«Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները կարևոր հիմք են երկու երկրների իրավապահ մարմինների միջև վստահության ամրապնդման և գործնական համագործակցության շարունակական զարգացման համար»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազն ու կարևորել երկու երկրների իրավասու մարմինների՝ ընթացիկ հարցերին արագ արձագանքելու և գործնական լուծումներ գտնելու կարողությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններին։ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի դատախազության ներգրավվածությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Դատախազների միջազգային ասոցիացիայում, ինչպես նաև Եվրաջասթի և Եվրոպական դատախազության հետ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Կարևորվել է միջազգային փորձի փոխանակումը, մասնագիտական կարողությունների զարգացումը և անդրազգային հանցավորության դեմ պայքարում արդյունավետ մեխանիզմների կիրառումը։

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու կառուցողական երկխոսությունը և զարգացնելու փոխգործակցությունը՝ հանցագործությունների բացահայտման, քրեական հետապնդման, իրավական փոխօգնության և արդարադատության արդյունավետ իրականացման ուղղություններով։

Հայերեն English فارسی ქართული Русский