Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբջանսկին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման առանցքային թեման 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքներն են եղել։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության զարգացմանն աջակցելու համար՝ շեշտելով Հայաստանի հանձնառությունը ֆրանկոֆոն արժեքների տարածմանը, բազմալեզվության խթանմանը, միջմշակութային երկխոսության զարգացմանը և երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ խաղերի հյուրընկալումը Հայաստանի համար ոչ միայն միջազգային մարզական և մշակութային խոշոր իրադարձություն է, այլև ֆրանկոֆոն ընտանիքի հետ կապերի ամրապնդման, երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման և երկարաժամկետ համագործակցության ընդլայնման կարևոր հնարավորություն։

Անդրադարձ է եղել խաղերի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ մրցումների անցկացման վայրերի նախապատրաստմանը, միջազգային փորձագետների հետ համագործակցությանն ու կամավորների ներգրավմանը։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու խաղերի՝ բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպումը՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ։ Այս համատեքստում կարևորվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությունը խաղերի միջազգային առաջխաղացմանը, անդամ պետությունների ակտիվ ներգրավմանը, ազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի մասնակցության խրախուսմանը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և բարձր գնահատել Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի կազմակերպման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը։ Նա կարևորել է խաղերի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով դրանց նշանակությունը ֆրանկոֆոն երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման, երիտասարդների ակտիվ ներգրավվածության և փոխգործակցության խթանման, ինչպես նաև ֆրանկոֆոն արժեքների տարածման տեսանկյունից։ Լուիզ Մուշիկիվաբոն նաև վերահաստատել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղերի հաջող կազմակերպմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության, երիտասարդության, մշակույթի և ֆրանսերենի ուսուցման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է զարգացնել համատեղ ծրագրերը ինչպես խաղերի նախապատրաստական փուլում, այնպես էլ դրանց ավարտից հետո՝ ապահովելով համագործակցության շարունակականությունը։

Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը Հայաստանում կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Ծրագրում ընդգրկված են 10 մարզաձև և 10 մշակութային մրցույթ։

Հայերեն English

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը

Ուկրաինայի հարցով ԵՄ-ԱՄՆ համագործակցությունն այժմ «շատ դժվար է».  Կայա Կալաս

ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքները

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր

Մոսկվան դատապարտել է Եվրամիության նոր պատժամիջոցները

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը

ՀՀ-ն ձգտում է գործնական քայլեր նախաձեռնել, որոնք կշարունակվեն COP17 համաժողովից հետո. Կավեհ Զահեդի