Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից
3 րոպեի ընթերցում
Պնդումները, թե Ոստիկանությունը Շաքիի դեպքի օրը ուշ է արձագանքել, չի համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում։
«Ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, երբ տուժողը զանգահարել է նրա բջջային հեռախոսահամարին և կարճ տեղեկություն փոխանցել՝ առանց մանրամասնելու տեղի ունեցածը։ Խոսքը դժվար լսելի է եղել, այդուհանդերձ, ցուցաբերելով ոստիկանին հարիր պահվածք՝ նա անմիջապես արձագանքել է և չանցած10 րոպե, օպերատիվորեն հասել դեպքի վայր։
Ոստիկանի ուղղորդմամբ՝ տուժողի որդին զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ստանդարտացված կարգի համաձայն՝ օպերատիվ խմբի մեկնումը պետք է ապահովվի 10 րոպեի ընթացքում, մինչդեռ այս դեպքում 10 րոպեում օպերատիվ խումբն արդեն եղել է տեղում»,- պարզաբանել է ՀՀ ՆԳ նախարարը։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով նրա կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հնարավորությունը։
Դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել են որոնողական աշխատանքներ։
Ըստ դատախազության հրապարակած տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ժամը 14։00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ արձակել։ Վիրավորվել է 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, այնուհետև հայտնաբերվել Շաքիի մեկ այլ հասցեում և ժամը 15։30-ին ձերբակալվել ու ներկայացվել նախաքննության մարմին։
Վիրավորված քաղաքացին բուժօգնություն է ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երևան։ Մարմնական վնասվածքներով նույն բժշկական կենտրոն են դիմել նաև նրա՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները։ Ավագ երեխայի մոտ արձանագրվել է աջ դաստակի կոտրվածք, իսկ կրտսերի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։
Դատախազը հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ։Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։