Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

3 րոպեի ընթերցում

Գիտական կենտրոնների վերազինման և դրամաշնորհային հետազոտությունների համար նախատեսվում է հատկացնել լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում ներկայացրել է ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Միջոցներով 12 գիտական կենտրոն կվերազինվի 21 սարքավորումով, կֆինանսավորվեն նաև արտերկրի գիտնականների ներգրավման և հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրերը։ Գիտական սարքավորումների ձեռքբերմանը նախատեսվում է ուղղել 1 միլիարդ 567,3 միլիոն դրամ։

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին այդ ուղղությամբ իրականացված ներդրումների շնորհիվ բուհերում ու գիտական ինստիտուտներում հնարավոր է դարձել կատարել այնպիսի հետազոտություններ, որոնց համար նախկինում անհրաժեշտ էր դիմել արտերկրի լաբորատորիաներին։

«Ընդ որում, պետք է ասեմ, որ մենք արդեն տեսնում ենք արդյունքներ, որոնք ոչ միայն գիտական հետազոտությունների և դրանց արդյունքների հրապարակման մասին են, այլ նաև տեսնում ենք փորձարարական մշակումների, կիրառական նշանակության արդյունքներին ուղղված աշխատանքներ։ Եվ մեր մի շարք ինստիտուտներում, մի շարք լաբորատորիաներում այս նոր սարքավորումները գալու են լրացնելու եղած հզորությունները և ավելի մեծ հնարավորություններ բացելու»,– նշել է Անդրեասյանը։

Որպես օրինակ՝ նախարարը ներկայացրել է Երևանի պետական համալսարանում կիսահաղորդիչների ոլորտի հետազոտությունների համար լրացուցիչ սարքավորման ձեռքբերումը։ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար նախատեսվող համալիր անալիզատորը հնարավորություն կտա իրականացնել նաև երկակի նշանակության հետազոտություններ, ստանալ կիրառական արդյունքներ և ընդլայնել մասնավոր հատվածի հետ համագործակցությունը։

Գիտական դրամաշնորհային հետազոտություններին նախատեսվում է հատկացնել 789,6 միլիոն դրամ։ Միջոցներն ուղղվելու են «PostDoc-Armenia–2026», «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր–2026» և «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում–2026» մրցույթների շրջանակում ծրագրերի ֆինանսավորմանը։

Անդրեասյանի խոսքով՝ այդ ծրագրերին մասնակցող գիտնականների աշխարհագրությունն ընդգրկում է տարբեր երկրներ՝ Հնդկաստանից մինչև Բրազիլիա։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտ 2 միլիարդ 356,9 միլիոն դրամը վերաբաշխվելու է «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի միջոցներից։

Այդ միջոցները չեն օգտագործվել, քանի որ Ակադեմիական քաղաքի տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և դրանից բխող գործընթացները, ինչպես նաև գլխավոր հատակագծի հաստատման աշխատանքները դեռ ավարտված չեն։ Հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև տարեվերջ նվազեցվող միջոցների վերականգնման անհրաժեշտություն չկա։ Վերաբաշխումը պետական բյուջեի ընդհանուր եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսում։

Հայերեն English

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է․ ԵԱՀԿ նախագահ

Դա լուծման հնարավոր տարբերակներից մեկն է. Արարատ Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների փոխանակման մասին

Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուբեն Ռուբինյանն ու Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահն ու Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի համար ԵԱՀԿ-ի հետ կապված ընկալումները փոխվել են․ Միրզոյան

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ