Հայաստանն անտառապատման կարիք ունեցող մի շարք մարզեր ունի. Վահե Մացակյան

6 րոպեի ընթերցում

Հայաստանում անտառապատման աշխատանքներն ուղղված են ոչ միայն անտառածածկ տարածքների ավելացմանը, այլև դեգրադացված հողերի հետագա քայքայման կանխարգելմանը, կենսաբազմազանության հարստացմանն ու համայնքների ներգրավմանը։ «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամն անտառապատման աշխատանքներ է իրականացնում մի շարք մարզերում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարածքի բնակլիմայական առանձնահատկությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի անտառապատման ծրագրի ղեկավար Վահե Մացակյանը «Սերմից՝ անտառ» մեդիա ճամփորդության շրջանակում լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի հիմնադրամը 250 հեկտար տարածքում տնկել է մեկ միլիոն ծառ։ Այս տարի նախատեսվում է անտառապատման աշխատանքներ իրականացնել 200-210 հեկտարի վրա։

«Տարեկան մեր տնկարաններում աճեցնում ենք երկու միլիոն տնկանյութ, որը հնարավորություն ունենք օգտագործելու անտառապատման աշխատանքներում»,- նշեց Մացակյանը։

Նրա խոսքով՝ հիմնադրամը փորձում է անտառածածկ տարածքներ ստեղծել այն հողերում, որոնք այլևս պիտանի չեն գյուղատնտեսական օգտագործման համար։

«Անտառապատման միջոցով փորձում ենք մեր գյուղատնտեսության օգտագործման համար անպետք դարձած հողերի վրա ստեղծել անտառածածկ տարածքներ։ Դրանք ինքնանպատակ չեն։ Առաջին հերթին նպատակ ունենք կանխել դեգրադացված հողերի հետագա քայքայումը, բայց դրա հետ մեկտեղ տարբեր տեսակներով անտառապատում ենք իրականացնում, որն ուղղված է նաև կենսաբազմազանության հարստացմանը։ Այն ունի նաև սոցիալական բաղադրիչ, որպեսզի տվյալ համայնքի բնակիչները ներգրավվեն աշխատանքներում և հետագայում ավելի մեծ հոգատարությամբ վերաբերվեն իրենց ստեղծած անտառին»,- ասաց նա։

Այն հարցին, թե որ մարզերն ունեն անտառապատման կարիք Մացակյանը պատասխանեց, հիմնադրամն արդեն շուրջ հինգ տարի անտառապատման աշխատանքներ է իրականացնում Շիրակի մարզում, հետագայում աշխատանքներն ընդլայնվել են դեպի Կոտայքի մարզ, իսկ վերջին երեք տարիներին ծրագրեր են իրականացվում նաև Գեղարքունիքի մարզում։ Նրա գնահատմամբ՝ անտառապատման խիստ կարիք ունեն Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը։

«Շիրակի մարզում բնական ծագման ծառուտներ գրեթե չկան․ այնտեղ հիմնականում արհեստական անտառներ են։ Բնակլիմայական պայմաններն էլ անբարենպաստ են, ուստի անտառապատման խիստ կարիք կա»,- ասաց Մացակյանը։

Անտառապատման աշխատանքների արդյունավետության համար անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի լեռնային բարդ ռելիեֆն ու բնակլիմայական գոտիների առանձնահատկությունները։ Մացակյանի խոսքով՝ բոլոր մարզերում նույն ծառատեսակները տնկելը և նույն արդյունքն ակնկալելը ճիշտ մոտեցում չէ։ Կարևոր է նաև, թե որտեղից է հավաքվել սերմը, ինչ պայմաններում է աճեցվել տնկանյութը և որ տարածքում է այն կիրառվելու։

«Մեր երկիրը լեռնային բարդ ռելիեֆ ունի, որտեղ ուղղաձիգ գոտիականությունը շատ վառ արտահայտված է։ Ոչ բոլոր դեպքերում է հնարավոր նույն ծառատեսակներով անտառ ստանալ։ Դրանից առաջ շատ կարևոր է հասկանալ՝ որտեղից հավաքված սերմով ենք ստանում տնկանյութը և որտեղ ենք այն կիրառելու։ Հայաստանում նույն աշխարհագրական գոտում տնկարան ունենալն ու այնտեղ աճեցված տնկանյութը բոլոր մարզերում կիրառելը հնարավոր չէ։ Մեր չորս տնկարանների նպատակն է տարբեր կլիմայական գոտիների համար ստեղծել համապատասխան տնկանյութ, որը կիրառելի կլինի տարբեր պայմաններում»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով հատումների և անտառածածկի փոփոխության խնդրին՝ Մացակյանը նշեց, որ իր գնահատմամբ՝ Հայաստանում հատումների ծավալին համապատասխան անտառային տարածքների վերականգնում իրականացվել է։ Մեկտեղ ընդգծեց՝ առանձին հարց է, թե ինչ ծառատեսակներով են վերականգնվել այդ տարածքները։

Մասնագետն, անդրադառնալով անտառածածկ տարածքներում հրդեհների կանխարգելմանը, նշեց, որ  իր մասնագիտական գործունեության ընթացքում Հայաստանում բնական ծագման հրդեհի չի հանդիպել․ իր դիտարկմամբ՝ հրդեհները եղել են մարդածին՝ որոշ դեպքերում միտումնավոր, իսկ որոշ դեպքերում՝ կրակի տարածման վտանգը չգիտակցելու հետևանքով։

Նրա խոսքով՝ հիմնադրամն ուշադրություն է դարձնում կանխարգելիչ միջոցառումներին։ Մասնավորապես՝ բնակավայրերից դուրս ստեղծվում են պաշտպանիչ բուֆերային գոտիներ, իրականացվում են խոտհնձի և հողի հանքայնացման աշխատանքներ՝ տրակտորների միջոցով։

Անտառապատման համար համապատասխան տարածքի ընտրությունը մասնագետների խոսքով երկարատև գործընթաց է։ Քանի որ հողերը համայնքային սեփականություն են, հիմնադրամը նախ ուսումնասիրում է համայնքի բնակիչների վերաբերմունքն ու կարծիքը։ Այնուհետև, մասնագետները գնահատում են տարածքը և անհրաժեշտ դրական եզրակացությունները ստանալուց հետո համայնքի և կազմակերպության միջև կնքվում է անհատույց օգտագործման պայմանագիր։

«Անտառապատման տարածքի ընտրությունը բավական ժամանակատար գործընթաց է։ Մենք պատրաստակամություն ենք հայտնում անտառ հիմնելու։ Կան համայնքներ, որոնք անտառի նկատմամբ մեծ հոգատարություն ունեն։ Մեր գործունեությունը սկսվում է համայնքի բնակիչների վերաբերմունքից և կարծիքից, այնուհետև տարբեր փորձագետներ գնահատում են տարածքը։ Բոլոր դրական եզրակացությունները ստանալուց հետո համայնքն ու կազմակերպությունը կնքում են անհատույց օգտագործման պայմանագիր՝ ժամկետ սահմանելով։ Անտառների դեպքում այն 20 տարի է»,- եզրափակեց Մացակյանը։

Հայերեն English Русский

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15/16-ին