Ճշմարտության փնտրտուքի հետևից՝ գիտության ու արվեստի STARMUS փառատոնը վերադառնում է Կանարյան կղզիներ
15 րոպեի ընթերցում
Արդեն 15 տարի շարունակ՝ STARMUS-ը մեկ հարկի տակ է համախմբում գիտնականների, տիեզերագնացների ու արվեստագետների՝ խոսելու գիտության, մեր մոլորակի, Տիեզերքի ու դրանում մարդկության տեղի մասին։ Այս հոկտեմբերին փառատոնը «Ճշմարտության որոնումը» խորագրով կվերադառնա Իսպանիայի Կանարյան կղզիներ, որտեղից էլ 2011 թվականին ամեն բան սկիզբ էր առել։
***
Գիտությունն ունի իր ավանդական միջավայրերը՝ լաբորատորիաներ, համալսարաններ, աստղադիտարաններ, հետազոտական կենտրոններ։ Սակայն գիտական գաղափարների շուրջ զրույցը կարող է շարունակվել նաև դրանցից դուրս՝ համերգային բեմերում, արվեստի միջոցով, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ։ STARMUS-ը ստեղծվել է հենց այդ նպատակով՝ ձևավորելու մի միջավայր, որտեղ կմիավորվեն գիտությունը, երաժշտությունն ու արվեստը։
Հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի հիմնադրած STARMUS-ը գիտության հանրահռչակմանը, տիեզերքի ուսումնասիրությանը, արվեստին ու երաժշտությանը նվիրված բացառիկ միջազգային փառատոն է։ Ավելի քան մեկ տասնամյակ փառատոնի մասնակիցների շարքում են եղել Նոբելյան մրցանակակիրներ, Լուսին ոտք դրած աստրոնավտներ, խորհրդային հայտնի տիեզերագնացներ, գիտնականներ, որոնց հայտնագործությունները փոխել են Տիեզերքի ու աշխարհի մասին մեր պատկերացումները, ինչպես նաև արվեստագետներ, որոնք նպաստել են գիտական գաղափարներն ավելի լայն հանրությանը հասանելի դարձնելուն։
2011 թվականին կայացած առաջին փառատոնից ի վեր STARMUS-ը ձևավորել է յուրահատուկ ձևաչափ, որը դուրս է ավանդական գիտական համաժողովների ձևաչափերից։ Դասախոսություններն ու քննարկումները զուգորդվում են համերգներով, հանրության համար նախատեսված գիտակրթական միջոցառումներով։
STARMUS-ի ութերորդ փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 17-22-ը՝ Իսպանիայի Կանարյան՝ Տեներիֆե և Լա Պալմա կղզիներում։ Այս տարվա միջոցառումները տեղի կունենան «Ճշմարտության որոնումը» խորագրի ներքո, իսկ քննարկումների առանցքում կլինեն արհեստական բանականությունը, գիտական ու տեխնոլոգիական նոր ձեռքբերումները, աստղագիտությունն ու շատ այլ արդիական դարձած հարցեր։
Երկու աստղաֆիզիկոսի նախաձեռնած հավակնոտ գաղափարը կյանք է ստանում
Փառատոնի պատմության ակունքներում երկու՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող երևույթներ էին՝ աստղաֆիզիկան ու ռոք երաժշտությունը։
Աստղաֆիզիկոսներ Գարիկ Իսրայելյանը, ով երկար տարիներ զբաղվել էր աստղերը և դրանց էվոլյուցիան ուսումնասիրելով և Բրայան Մեյը, ում այդ տարիներին շատերը գիտեին միայն Queen խմբում կատարումներով, որոշում են միասին հիմնել մի փառատոն։ Գաղափարը պարզ էր՝ գիտության մասին կարելի է ու պետք է խոսել ոչ միայն ակադեմիական աշխատությունների և մասնագիտական համաժողովների միջոցով, այլև ավելի պարզ ու գրավիչ ձևով՝ ներառելով նաև արվեստն ու երաժշտությունը։
Առաջին փառատոնն անցկացվեց 2011 թվականի հունիսին՝ Կանարյան կղզիներում։ Այն նվիրված էր տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակին։ Վայրի ընտրությունը պատահական չէր։ Տեներիֆե և Լա Պալմա կղզիներում աստղագիտական հետազոտությունների համար բացառիկ պայմաններ կան, բացի այդ Լա Պալմայում է գտնվում Gran Telescopio Canarias-ը՝ աշխարհի ամենահայտնի խոշոր օպտիկական և ինֆրակարմիր աստղադիտակներից մեկը։
STARMUS I-ը մեկտեղել էր տիեզերքի հետ ասոցացվող ամենահայտնի դեմքերից մի քանիսին՝ առաջին լուսնային առաքելության՝ «Ապոլոն 11»-ի աստրոնավտներ Նիլ Արմսթրոնգին և Բազ Օլդրինին, աշխարհում առաջինը բաց տիեզերք դուրս եկած խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովին։ Նրանց էին միացել նաև շատ ականավոր գիտնականներ և Նոբելյան մրցանակակիրներ՝ քննարկելու տիեզերական հետազոտություններում մարդկության ձեռքբերումներն ու առաջիկայում սպասվող հնարավորությունները։
Նիլ Արմսթրոնգի մասնակցությունը հատկապես հիշարժան էր։ Փառատոնի ընթացքում ելույթը դարձավ իր վերջին հրապարակային ելույթը․ նա մահացավ 2012 թվականի օգոստոսին։ Խոսելով տիեզերական հետազոտությունների ժառանգության մասին՝ Արմսթրոնգն անդրադարձավ դրանց շնորհիվ հնարավոր դարձած տեխնոլոգիական առաջընթացին և մարդկության առջև նոր հորիզոններ բացելու շարունակական կարևորությանը։
Սթիվեն Հոքինգը և նրա անվան մեդալի պատմությունը
2014 թվականին կրկին Կանարյան կղզիներում անցկացված STARMUS II-ը փառատոնի պատմության մեջ նշանավորվեց Սթիվեն Հոքինգի մասնակցությամբ։ Իր սերնդի ամենաազդեցիկ տեսական ֆիզիկոսներից մեկը՝ Հոքինգը, նոր մակարդակի բարձրացրեց սև խոռոչների ուսումնասիրությունը և տիեզերագիտության բարդ գաղափարները հասանելի դարձրեց միլիոնավոր մարդկանց։ Եթե 2011 թվականի փառատոնին մասնակիցների թիվը մոտ 300-ն էր, ապա այս անգամ այդ թիվն ավելի քան եռապատկվել էր՝ հասնելով 1000-ի, ինչը վկայությունն էր նրա, որ գիտության ու արվեստի յուրօրինակ փառատոնը ստացվել էր ու սիրվել։
2016 թվականին STARMUS III-ը հիմնադրեց Սթիվեն Հոքինգի մեդալը, որը շնորհվում է գիտությունը հանրահռչակելու համար։ Հետագայում այս մրցանակը դարձավ STARMUS-ի ամենաճանաչելի ավանդույթներից մեկը՝ արժևորելով գիտությունը կամ արվեստը ներկայացնող այն անձանց, ովքեր մեծ ավանդ են ունեցել գիտության, արվեստի կամ կինոյի ոլորտներում։
Մեդալի ձևավորումը միավորում է փառատոնի ինքնության երկու խորհրդանիշ։ Դրա վրա պատկերված է Հոքինգի դիմանկարը, որի հեղինակը Ալեքսեյ Լեոնովն է։ Իսկ հակառակ կողմում բաց տիեզերքում Բրայան Մեյն է ու նրա հայտնի կիթառը։
Հաջորդող փառատոնների ընթացքում շատ հայտնի գործիչներ արժանացան այս մեդալին, այդ թվում և՝ SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը, օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, երջանկահիշատակ պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը, Queen խմբի անդամ, երաժիշտ և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառը և այլոք։
2017 թվականին՝ Նորվեգիայում անցկացված STARMUS IV-ը շարունակեց ուսումնասիրել տիեզերական հետազոտությունների և մարդկության ապագայի կապը։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց Երկրից դուրս մարդկային բնակավայրեր ստեղծելու հնարավորություններին, այլ մոլորակներ ճանապարհորդելու տեխնոլոգիական մարտահրավերներին և շատ այլ հարցերի։
Իսկ արդեն 2019 թվականին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացված STARMUS V-ը հարգանքի տուրք էր «Ապոլոն» առաքելությանը։ Հենց այս փառատոնի ընթացքում էր, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ելույթ ունենալով բեմում, հաջորդ փառատոնը Հայաստանում անցկացնելու հրավեր հղեց։ Հրավերն ընդունվեց, STARMUS-ը եկավ Հայաստան։
STARMUS-ը՝ Հայաստանում
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը հյուրընկալեց STARMUS VI-ը։ «50 տարի Մարսի վրա»․ այս խորագրով փառատոնն անդրադառնում էր Մարսի ուսումնասիրության հինգ տասնամյակին և Կարմիր մոլորակ մարդու ապագա առաքելությունների նկատմամբ աճող հետաքրքրությանը։ Ծրագիրն ընդգրկում էր նաև ամենատարբեր թեմաներ՝ կլիմայի փոփոխությունից և կյանքի ծագումից մինչև նեյրոգիտություն ու երաժշտության և մարդու ուղեղի փոխկապակցվածություն։ Հայաստան էին այցելել «Ապոլոն 16» առաքելության տիեզերագնաց Չարլզ Դյուքը, կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Միշել Մայորը, Քիփ Թորնը, Էմմանուել Շարպենտիեն, Էդվարդ Մոզերը և այլոք։
STARMUS VI-ի ամենատեսանելի բաղադրիչներից մեկը Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված Գիտության ճամբարն էր։ Գիտությամբ հետաքրքրված երեխաների և մեծահասակների համար նախատեսված այս հարթակում անցկացվում էին ինտերակտիվ միջոցառումներ, որոնց միջոցով այցելուները կարող էին ծանոթանալ գիտական և տեխնոլոգիական նոր զարգացումներին։ Նպատակն էր գիտելիքը հասանելի դարձնել նաև համաժողովների դահլիճներից դուրս և խրախուսել երիտասարդներին՝ ապագա մասնագիտություն ընտրելիս դիտարկելու գիտության ու տեխնոլոգիաների ոլորտները։
STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը փառատոնի եզրափակիչ իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանում անցկացված STARMUS-ը լավագույնն էր փառատոնի պատմության մեջ։
Հայաստանից հետո փառատոնը 2024 թվականին անցկացվեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «Մեր հարազատ մոլորակի ապագան» խորագրի ներքո։ Այս տարվա գլխավոր բանախոսներից էր հայտնի պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, ով STARMUS-ի բեմից ունեցած ազդեցիկ ելույթի ընթացքում կոչ արեց պաշտպանել Երկիր մոլորակը․ «Մենք Երկիր մոլորակի վրա վեցերորդ զանգվածային ոչնչացման ժամանակներում ենք ապրում։ Եվ այս ոչնչացման պատճառը մենք ինքներս ենք։ Չափազանց բարդ ժամանակներում ենք, ու այն, ինչ կանենք հիմա, կազդի Երկիր մոլորակի վրա կյանքի ապագայի վրա»։
Team Telecom Armenia-ն՝ գիտության կողքին
STARMUS-ի նման միջազգային փառատոնը լայն լսարանին հասանելի դարձնելու համար միայն գիտնականների և կազմակերպիչների ջանքերը բավարար չեն։ Դրա համար հաճախ առանցքային են նաև տարբեր կազմակերպությունների ու լրատվական գործակալությունների միջև ամուր գործակցային կապերը։
Team Telecom Armenia-ի աջակցությամբ «Արմենպրես»-ը Կանարյան կղզիներից կլուսաբանի STARMUS VIII փառատոնը՝ ընթերցողներին ներկայացնելով աշխարհի առաջատար գիտնականների տեսլականը Երկիր մոլորակի ու Տիեզերքի ուսումնասիրությունների, գիտության ու տեխնոլոգիաների ապագայի մասին։
«Մեզ համար գիտության, կրթության և տեխնոլոգիաների զարգացումը ոչ միայն սոցիալական պատասխանատվության ուղղություն է, այլ նաև այն ապագայի մաս, որը ցանկանում ենք տեսնել Հայաստանում։ Որպես տեխնոլոգիական ընկերություն՝ կարևորում ենք ոչ միայն ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը, այլև գիտության և նորարարության նկատմամբ հետաքրքրության ձևավորումը»,- ասում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։
Ի դեպ, STARMUS-ի հետ Team-ի ճանապարհը նոր չէ։ 2022 թվականին, երբ Հայաստանը հյուրընկալել էր STARMUS VI-ը, Team Telecom Armenia-ն հանդես էր գալիս որպես փառատոնի գլխավոր տեխնոլոգիական գործընկեր։ «Երբ փառատոնն անցկացվեց Հայաստանում, Team Telecom Armenia-ն որպես գլխավոր տեխնոլոգիական գործընկեր ոչ միայն աջակցեց նախաձեռնությանը, այլև դարձավ դրա իրականացման մի մասը՝ ապահովելով կապ և տեխնոլոգիական աջակցություն հյուրերի ու մասնակիցների համար։ Ուրախ ենք այսօր ևս նպաստելու, որ STARMUS-ից գիտության, տեխնոլոգիաների և նոր գաղափարների մասին պատմությունները կրկին հասնեն Հայաստանի լսարանին՝ շարունակելով կրթության, գիտության և տեխնոլոգիաների հանրայնացման մեր հետևողական աշխատանքը»,- նշում է Տիգրան Ֆրանգյանը։
STARMUS VIII-ը՝ կրկին Կանարյան կղզիներում
2016 թվականի թողարկումից տասը տարի անց՝ STARMUS VIII-ը վերադառնում է Կանարյան կղզիներ։ Տեներիֆե և Լա Պալմա կղզիները, որտեղ անցկացվելու են հիմնական միջոցառումները, իրենց աշխարհագրական դիրքի, կլիմայի և մութ երկնքի շնորհիվ աստղագիտական հետազոտությունների կարևոր կենտրոն են համարվում։
Այս տարվա ծրագրում ևս ներառված են հայտնի բանախոսներ, այդ թվում և՝ համակարգչային գիտնական և Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնը, նյարդաբան Մայ-Բրիտ Մոզերը, ֆիզիկոս և Նոբելյան մրցանակակիր Սերժ Հարոշը, աստղաֆիզիկոս Միշել Մայորը և այլ հայտնի աստղաֆիզիկոսներ ու գիտնականներ։
Փառատոնի բեմից կխոսեն նաև NASA-ի լուսնային վերջին՝ «Արտեմիս II» մարդատար առաքելության անդամ աստրոնավտներ Վիկտոր Գլովերը, Ռիդ Ուայզմանը և Ջերեմի Հանսենը։
STARMUS VIII-ի ընթացքում, բացի ավանդական Սթիվեն Հոքինգի մեդալից առաջին անգամ հանձնվելու է Ջեյն Գուդոլի պատվին ստեղծված նոր մեդալը՝ Jane Goodall Earth Medal-ը։ Եթե Հոքինգի մեդալը շնորհվում է գիտության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար, ապա Ջեյն Գուդոլի անվան մեդալը տրվելու է մարդկանց, ովքեր ջանքեր են գործադրում և իրենց ձայնը միշտ լսելի են դարձնում մեր մոլորակի ու կենսաբազմազանության պահպանման գործում։ Հայտնի պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, ով կյանքից հեռացավ 2025 թվականին, STARMUS-ի խորհրդատվական խորհրդի անդամ էր։
Գիտակրթական մասից զատ՝ փառատոնի շրջանակում կկազմակերպվի ավանդական համերգը, որի երաժշտական ծրագրում ընդգրկված են Բրայան Մեյի, Անդրեա Բոչելիի, Սառա Բրայթմանի, Դերեք Շերինյանի ու շատ այլ արտիստների ելույթներ։ Հոկտեմբերի 18-ին կկայանա լեգենդար ստեղնահար Ռիք Ուեյքմանի՝ Տիեզերքից ոգեշնչված Echoes from Black Holes ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։
STARMUS-ի պատմությունը ցույց է տալիս, որ գիտությունը միայն հայտնագործությունների, բանաձևերի ու հետազոտությունների մասին չէ։ Այն նաև հարցեր տալու, նոր հորիզոններ բացահայտելու և աշխարհին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն է։ Իսկ երբ գիտական գաղափարները հանդիպում են երաժշտությանն ու արվեստին, դրանք դուրս են գալիս մասնագիտական շրջանակներից՝ դառնալով հանրային երկխոսության և ընդհանուր ապագայի շուրջ մտորումների մաս։