4 րոպեի ընթերցում
Երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան 50-ամյակի և մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ նրա գործընկերների, ընկերների, ընտանիքի անդամների և երկրպագուների մասնակցությամբ հոկտեմբերի 7-ին կյանքի է կոչվել «Բարձրաձայն կարոտ» համերգային երեկոն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոյին բեմում են եղել Սյուզան Մարգարյանը, Սիրուշոն, Արսեն Սաֆարյանը և այլք։
Երգչուհու գործընկեր, ընկեր Արսեն Սաֆարյանի խոսքով՝ թվում է՝ այս օրերին Թութուշը (այդպես են մտերիմներն անվանել Վարդուհի Վարդանյանին) գրկել է բոլորին։ Սաֆարյանը մինչ օրս հիշում է, թե ինչպես է ամանորյա ներկայացման ժամանակ ամուր սեղմել Վարդուհու ձեռքը։
«Ամանորին խաղում էինք երեխաների համար. Վարդուհին մայրիկի դերում էր, իսկ ես հայրիկի: Այնպես ստացվեց, որ հնչյունային ռեժիսորն ուրիշ մինուս դրեց՝ ոչ իմ տոնայնության, և ես վախից սեղմեցի Վարդուհու ձեռքը՝ հասկացնելով, որ չեմ կարող երգել, և նա պիտի երգի կրկներգը։ Այդպես էլ եղավ. երբ մտանք կուլիսներ, հասկացա, որ նրա թևը կապտել է»,-պատմում է երգիչը։
Սիրուշոյի համար Վարդուհու հետ կապված ամենակարևոր հիշողություններից մեկը դարձել է «Մեզ ոչինչ չի բաժանի» երգի պատմությունը։ Սիրուշոն պատմում է՝ երբ առանձին հարցազրույցների ժամանակ իրեն և Վարդուհուն հարցրել են մտերիմ հարաբերությունների մասին, ինքն ասել է՝ այնքան մոտ են, որ թվում է՝ «մեզ ոչինչ չի բաժանի»։ Պարզվել է՝ Վարդուհին էլ նույն միտքն է արտահայտել։
Այդ հարցազրույցից մոտ երկու ամիս անց Վարդուհին մահացել է։ Սիրուշոյի հույզերից, ապրումներից ծնվել է «Մեզ ոչինչ չի բաժանի» երգը։ Այսօր այն ոչ միայն երգ է, այլև երկու ընկերների պատմության շարունակությունը։
Սյուզան Մարգարյանն առաջին անգամ Վարդուհուն տեսել է Երգի պետական թատրոն ընդունվելու ժամանակ։ «Նույնիսկ Վարդուհու հագուստն եմ հիշում. մուգ կապույտ զգեստ էր հագել, մազերն էլ հավաքած։ Հիացմունքս չկարողացա թաքցնել, գնացի գրիմանոց գրկեցի նրան և ասացի՝ դու մեծ ճանապարհ ունես անցնելու»,-հիշում է Մարգարյանը։
Արդեն բեմից հաղորդավար Ավետ Բարսեղյանը հայտարարել է՝ Վարդուհու շունչը մեզ հետ է՝ նրա ընկերների սրտի ու ձայնի, հոգու, հիշողության անսահման բարի ջերմ պատմություններում և հուշերում է։
Վարդուհու և Արման Աղաջանյանի համար առանձնահատուկ է եղել «Գելը» երգը։ Արմանը Վարդուհու մահից հետո այդ երգը երբեք չի կատարել։ «Այդ երգի հետ կապված շատ ջերմ հիշողություններ կան։ Այն շատ ինքնաբուխ, անսպասելի էր ստեղծվել։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ այսօր այն երգելը հեշտ չէ»,-խոստովանում է երգիչը։
Վարդուհի Վարդանյանի քույրը՝ Քրիստինե Վարդանյանը վստահեցրել է՝ ամեն բան կազմակերպված է եղել այնպես, ինչպես կցանկանար Վարդուհին, որը միշտ պատասխանատվությամբ է վերաբերվել այն ամենին, ինչն արել է։
Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը Վարդուհու որդու՝ Ռուբեն Ավոյանի և փոքրիկ թոռան կատարումն է եղել։ Տեղի է ունեցել Վարդուհի Վարդանյանին նվիրված երգի պրեմիերան։
Վարդուհի Վարդանյանն ապրել է ընդամենը 30 տարի, սակայն հասցրել է ստեղծել մի ժառանգություն, որն այսօր էլ շարունակում է ապրել նրա երգերում, մարդկանց հիշողություններում։