Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին
2 րոպեի ընթերցում
Բրիտանացի ֆիզիկոս և գիտության հանրահռչակող, պրոֆեսոր Բրայան Քոքսն արժանացել է STARMUS փառատոնի Սթիվեն Հոքինգի մեդալին՝ ամբողջ աշխարհում գիտությունը լայն լսարանին հասանելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, փառատոնի համահիմնադիրներ, աստղաֆիզիկոսներ Բրայան Մեյն ու Գարիկ Իսրայելյանը մեդալը Քոքսին հանձնել են հոկտեմբերի 2-ին Լոնդոնում՝ Թագավորական աստղագիտական ընկերությունում կայացած միջոցառման ընթացքում։
«STARMUS-ի համայնքի անդամ Բրայան Քոքսը նշանակալի ներդրում է ունեցել գիտությունը միջազգային լայն լսարանին հասանելի և հասկանալի դարձնելու գործում՝ որպես ֆիզիկոս, հեռուստահաղորդավար և գիտության հանրահռչակող»,- նշել են փառատոնի կազմակերպիչները։
Քոքսը, բացի գիտական և հեռուստատեսային գործունեությունից, ունի նաև երաժշտական անցյալ։ Նա եղել է բրիտանական Dare և D:Ream խմբերի անդամ։
2026 թվականի հոկտեմբերին Իսպանիայի Կանարյան կղզիներում տեղի կունենա STARMUS-ի 8-րդ փառատոնը։ Այն անց է կացվելու «Ճշմարտության փնտրտուքը» խորագրի ներքո։
Փառատոնի շրջանակում ամեն տարի շնորհվում է Սթիվեն Հոքինգի մեդալը, որը տրվում է գիտությունը հանրայնացնողներին (Science Communicator) երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ:
Այս տարի ֆիլմի բնագավառում մեդալը շնորհվել է օսկարակիր ռեժիսոր Ռիդլի Սքոթին։