Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը
1 րոպեի ընթերցում

Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով X սոցիալական ցանցում երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնայի կատարած գրառումը։
«Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական նավահանգիստների վրա, արգելափակում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, իսկ այնուհետև նոր երթուղիներ փնտրում սեփական հացահատիկի համար։ Էստոնիան նման երթուղի չի տրամադրի», - գրել է Ցահկնան։
Դիվանագետը հիշեցրել է, որ դեռ սեպտեմբերի սկզբին զգուշացրել էր Էստոնիայի տարածքով ռուսական հացահատիկի տեղափոխման ծրագրերի մասին։
«Եվ այսօր մենք դրան օրենքի ուժ ենք տվել»,- գրել է Ցահկնան։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ իրենք աշխատում են Լիտվայի և Լատվիայի հետ՝ ապահովելու, որ Բալթյան երկրների նավահանգիստները չօգտագործվեն որպես տարանցիկ ուղիներ Ռուսաստանի համար։
«Ռուսաստանը չի կարող ագրեսիվ պատերազմ վարել և ակնկալել, որ մենք կօգնենք նրան պահպանել առևտրային հոսքերը։ Մենք չենք օգնի ֆինանսավորել նրա պատերազմը կամ նպաստել նրա շարունակական ագրեսիային», - նշել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը։