Պենտագոնի ղեկավարը հանձնարարել է պաշտպանել Կոնգրեսի ընտրություններն օտարերկրյա սպառնալիքներից
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններն օտարերկրյա սպառնալիքներից պաշտպանելու շուրջ հրամանագիր է ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Պենտագոնի կայքում։
Ըստ հրամանագրի՝ ԱՄՆ-ի կիբերհրամանատարությանը և Պենտագոնի հետախուզական ծառայություններին հանձնարարվել է հիմնական ուշադրությունը դարձնել ընտրություններին հետ կապված կիբերսպառնալիքներին։ Այս ջանքերը, դաշնային, կառավարական և տեղական կառույցների հետ համակարգմամբ, կկենտրոնանան արտաքին մանիպուլյացիաների և օտարերկրյա սուբյեկտների կողմից ընտրությունները խափանելու փորձերի վրա, նշվում է փաստաթղթում:
«Ազատ և արդար ընտրությունները մեր հանրապետության հիմքն են: Սերտ համագործակցությամբ աշխատելով դաշնային, կառավարական և տեղական գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի կիբերհրամանատարությունը և պաշտպանության նախարարության հետախուզական ծառայությունները կպաշտպանեն ամերիկյան ընտրական համակարգերի ամբողջականությունը, կհայտնաբերեն չարամիտ օտարերկրյա ազդեցությունը և մեր ժողովրդավարական գործընթացների անվտանգությունը կապահովեն արտաքին մանիպուլյացիաներից՝ միաժամանակ պաշտպանելով ամերիկյան ժողովրդի հիմնարար ազատությունները», - հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փառնելը։
ԱՄՆ կիբերհրամանատարության հրամանատար և միաժամանակ Ազգային անվտանգության գործակալության տնօրեն գեներալ Ջոշուա Ռադը հայտարարել է, որ երկու կազմակերպություններն արդեն միասին աշխատում են կիբերսպառնալիքները բացահայտելու ուղղությամբ։