ԿԸՀ համակարգը ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում գտնվել է կիբեռգրոհի ներքո․ Հովակիմյան
1 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում մեկ րոպե անգամ չի դադարել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Ամբողջ գործընթացն անդադար ընթացել է։ Քվեարկության ամփոփման փուլի ժամանակ մեր համակարգը գտնվել է խիստ գրոհի ներքո։ Հայաստանի կիբեռանվտանգության լավագույն մասնագետները, այդ թվում՝ միջազգային փորձագետ գործընկերները, զբաղված էին վիրտուալ գրոհը կանխելու և հետ մղելու գործընթացով»,- ասաց Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ չնայած համակարգի նկատմամբ իրականացված գրոհին՝ ԿԸՀ-ի համակարգը որևէ պահի չի դադարել գործել։ «Բարեբախտաբար, մեկ րոպե անգամ մեր համակարգը չի դադարել, և ընտրատարածքներից եկած տվյալներն անմիջապես ներկայացվել են»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի են ունեցել 2026 թվականի հունիսի 7-ին։