Apicius Armenia-ն նոր մասնաշենքով ընդլայնում է միջազգային չափանիշներով հյուրընկալության կրթության հնարավորությունները
8 րոպեի ընթերցում

Դիլիջանից դեպի Ֆլորենցիա, լսարանից դեպի իրական աշխատանքային միջավայր․ Apicius Armenia-ի կրթական մոդելը կառուցված է հենց այս ճանապարհի վրա։ Դիլիջանում արդեն մեկ տարի գործող Apicius Armenia-ում այդ հմտությունները երիտասարդները ձեռք են բերում դեռևս ուսանողական տարիներից։ Դիլիջանում գործող միջազգային հյուրընկալության դպրոցը նոր ուսումնական տարում իր դռները բացեց արդեն արդիականացված և անհրաժեշտ սարքավորումներով համալրված նոր մասնաշենքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եռահարկ շենքը նախատեսված է միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելու համար։
«Apicius Armenia-ն մենք բացել ենք Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի հետ համագործակցությամբ դեռևս մեկ տարի առաջ, և այսօր ուրախ ենք ներկայացնել մեր նոր կառույցը, որը նախագծվել է իտալացի մասնագետների և Apicius Ֆլորենցիայի դասախոսների հետ համատեղ։ Շենքն ունի երեք հարկ․ առաջին երկու հարկերը նախատեսված են ուսումնական գործընթացի համար, այստեղ են նաև փորձարարական լաբորատորիաները, իսկ երրորդ հարկում ուսանողական սրճարանն է, որը սպասարկում են Apicius-ի ուսանողները՝ ուսումնառության առաջին իսկ օրվանից։ Սրճարանը բաց է նաև Դիլիջանի բոլոր հյուրերի համար։ Նշեմ, որ այս տարի արդեն մեկնարկել են երկրորդ սերնդի դասերը։ Այս պահին մենք ունենք 33 ուսանող՝ 6 երկրից։ Ուսանողներին ընտրել ենք ավելի քան 110 հայտերից և հույս ունենք, որ այս նոր շենքում նրանց համար ուսումը կլինի հաճելի, արդյունավետ և հնարավորություններով լի»,- ասաց Green Rock Foundation-ի տնօրեն Կատյա Բրեդիխինան:

Հայաստանում հյուրընկալության ոլորտի զարգացման համար կարևոր է ոչ միայն զբոսաշրջիկների թվի աճը, այլև այն մասնագետների պատրաստումը, որոնք կարող են այդ աճը վերածել որակյալ ծառայության։
«Շատ կարևոր և ուրախալի է, որ միջազգային համագործակցության արդյունքում մենք կազմակերպում ենք բարձր պրոֆեսիոնալ, ազգային որակին համապատասխան կրթական ծրագիր։ Այն ուսանողներն ու մասնագետները, որոնք կսովորեն այս հաստատությունում, կդառնան մեր այցեքարտերը զբոսաշրջության ոլորտում բարձրակարգ և պրոֆեսիոնալ սպասարկման առումով։
Սա, կարծում եմ, էական նշանակություն ունի, որովհետև հյուրընկալությունը մեր ազգային մենտալիտետի մի մասն է։ Սակայն միայն հյուրընկալ լինելը, զուտ մենտալիտետի առումով, այլևս բավարար չէ։ Այս առումով այս հաստատությունն իր լիարժեք դերն ու նշանակությունն ունի ժամանակակից սպասարկման ոլորտում»,– նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
Green Rock-ի՝ Դիլիջանի զարգացման տեսլականը այն է, որ ապագան պետք է շատ ավելին լինի, քան շենքերն ու ենթակառուցվածքները։ Այն պետք է լինի մարդկանց մասին՝ ստեղծելով միջավայր, որտեղ տաղանդավոր ու նպատակասլաց երիտասարդները կարող են սովորել, զարգանալ և կառուցել իրենց ապագան։
Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան էլ ընդգծեց՝այս դպրոցը լինելու է ամենաժամանակակից և պրոֆեսիոնալ ուսումնական կամպուսը երկրում և դառնալու է տուն հարյուրավոր ուսանողների համար, որոնք Հայաստանին բերելու են նոր գիտելիքներ և մեծ փոփոխություններ։

«Green Rock-ում մենք վստահ ենք, որ կրթությունը հաջողակ բիզնեսի զարգացման և քաղաքի դրական փոփոխությունների հիմքն է։ Առանց կրթության, առանց տաղանդավոր, հաջողակ և պրոֆեսիոնալ մարդկանց մենք պարզապես չենք կարող մրցունակ լինել միջազգային շուկայում»,- նշեց նա:
Apicius Armenia-ն առաջարկում է երկամյա կրթական ծրագիր։ Ուսանողները, կախված իրենց կրթական ուղուց, երկրորդ տարին կարող են շարունակել Ֆլորենցիայում կամ ամբողջ ծրագիրն ավարտել Հայաստանում։ Առաջին տարվա ավարտից հետո Apicius Armenia-ի ութ ուսանող արդեն մեկնել է Ֆլորենցիա՝ կրթությունը շարունակելու և միջազգային փորձ ձեռք բերելու համար։

«Ինձ համար մեծ ուրախություն է, որ Իտալիայի դեսպանությունն այսօր այստեղ է, քանի որ մենք խոսում ենք իտալական ավանդույթների մասին, և այդ ավանդույթները կիսում ենք հայկական ավանդույթների, մասնագետների և գործընկերների հետ։
Հայաստանն ու Իտալիան ունեն առանձնահատուկ և շատ սերտ հարաբերություններ, և մենք պետք է կենտրոնանանք այն հնարավորությունների և ներուժի վրա, որոնք կարող ենք միասին իրագործել։
Այս նախաձեռնությունը դրա լավ օրինակն է։ Առաջին անգամ Հայաստանում գործում է իտալական բավականին կարևոր և հեղինակավոր կրթական հաստատություն, և մենք այստեղ այդ հաստատության ներկայությունն ապահովում ենք հայկական գործընկերների, այդ թվում՝ Green Rock հիմնադրամի հետ համագործակցությամբ»,- ընդգծեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտին։
Apicius Armenia-ի գաղափարը միայն մասնագետ պատրաստելը չէ։ Այն նաև Դիլիջանի զարգացման ավելի լայն ծրագրի մաս է, որտեղ կրթությունը դիտարկվում է որպես քաղաքի երկարաժամկետ զարգացման կարևոր բաղադրիչ։
Green Rock-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը ողջույնի իր ելույթում նշեց, որ իր պատանեկության տարիներին լավ կրթություն ստանալու համար պետք էր ﬔկնել Դիլիջանից։ Ստիպված էին հավաքել իրերն ու հրաժեշտ տալ հարազատներին, այս գեղեցիկ լեռներին, սիրելի քաղաքին ու այն աﬔնին, ինչ մանկուց հարազատ ու ծանոթ էր, պարզապես ավելի լավ հնարավորություններ գտնելու համար։
«Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ աﬔն բան փոխվում է։ Ձեզ, սիրելի դիլիջանցիներ, Apicius-ն առաջարկում է ավելին, քան պարզապես կրթությունն է։ Իհարկե, ձեզ այստեղ իրենց գիտելիքներն են փոխանցում հրավիրված բարձրակարգ մասնագետներ, դուք ստանում եք ﬕջազգայնորեն ճանաչված դիպլոմներ։ Սակայն այդ աﬔնի համար դուք ստիպված չեք լքել ձեր քաղաքը, ձեր հարազատներին, և որքան էլ կարծրատիպային հնչի, այդպիսով չեք կորցնում կապը ձեր արմատների հետ։ Ինձ ﬔծ ուրախություն է պատճառում, որ այսօր այլևս ստիպված չեք ընտրելու՝ ﬓա՞լ ձեր սիրելիների կողքին, թե՞ ունենալ ﬔծ ձգտումներ ու կառուցել ավելի լավ ապագա։ Բոլոր ներկաներին, ինչպես նաև նրանց, ովքեր այս պահին այստեղ չեն, սրտանց շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Շնորհակալ եմ ձեր նվիրվածության ու հավատի համար, քանի որ այս գեղեցիկ քաղաքը, որը ես հարազատ տուն եմ անվանում, արժանի է այնպիսի ﬕ կառույցի, ինչպիսին է Apicius-ը։ Հայկական ﬕ ասացվածք կա․ «Ծառն իր արմատով է ամուր»։ Եվ կարծում եմ՝ հենց սա է այս աﬔնն այդքան առանձնահատուկ դարձնում ինձ համար․ այլևս պետք չէ թողնել քո արմատները՝ ավելի ﬔծ բանի հասնելու համար»,- եզրափակեց Գևորկյանը:
Դպրոցի զարգացման մեկ այլ ուղղություն կրթության հասանելիությունն է։ Green Rock-ը ամեն տարի Apicius Armenia-ի ուսանողներին տրամադրում է 10 ամբողջական կրթաթոշակ։ Դրանք հնարավորություն են տալիս կրթական ծրագրին մասնակցել նաև այն երիտասարդներին, որոնց համար ուսման ֆինանսավորումը կարող էր լրացուցիչ խոչընդոտ լինել։

Դպրոցը Հայաստանում գործում է 2025 թվականից՝ որպես Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի հայաստանյան ներկայացուցչություն։ Այն ստեղծվել է Green Rock հիմնադրամի կողմից՝ Green Rock-ի աջակցությամբ։