2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը
8 րոպեի ընթերցում
Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հեղինակած «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի գնահատմամբ՝ ստացվել է «շատ ազնիվ» գիրք, որի հեղինակն ականատեսի դիրքերից և, ինչն առավել կարևոր է, առանց հետադարձ հայացքով սրբագրելու ու վերաիմաստավորելու է ներկայացրել 2018 թվականի իրադարձությունները։
Բանախոսը ներկայացրեց գրքում շարադրված, իր կարծիքով, խորհրդանշական մի դրվագ, երբ Արմեն Գրիգորյանին մեծ ջանքերի շնորհիվ է հաջողվել հանդարտեցնել փողոցները փակելու գործընթացից զայրացած մի երիտասարդի։ Նկարագրելով այդ պահը՝ հեղինակը հանգել է այսպիսի եզրահանգման. «հիմա հասկանում եմ՝ այդ երիտասարդը մտածում է, որ հեղափոխությունը տեղի ունեցավ նաև իր հանգստանալու պատճառով»։
Արքմենիկ Նիկողոսյանն առանձնակի արժևորում է հենց իրադարձությունների ծավալվելու պահին դրանց՝ ականատեսի ներկայացրած նկարագրությունն ու մեկնաբանությունը։
«Իմ կարծիքով, նման պրոցեսների համար ամենաթանկը և թանկարժեքը հենց ընթացիկ գնահատականներն են՝ հուզական գնահատականները։ Այսօր տարբեր հեռուստաընկերությունների, թերթերի, անգամ՝ անհատների արխիվներում, երևի, հազարավոր ձայնագրություններ կան։ Հեղափոխությունը մի պրոցես էր, որի ընթացքն ամբողջովին լուսաբանվեց։ Բայց Արմեն Գրիգորյանի գիրքը կարդալիս մեզ թվում է՝ տարբեր իրադարձություններ են։ Երբ հաղորդակցվում ես այս ամենի ականատեսի շարադրանքին՝ մեր հասարակությանը հուզող շատ հարցեր ներկայանում են բոլորովին այլ կերպ և հենց այսպիսի գրքերի հրատարակության պարագայում են դառնում ավելի ստույգ»,- նշեց նա։
Շարունակելով միտքը՝ Նիկողոսյանը նկատեց.
«Երբ կարդում էի գիրքը, ինձ ամենից շատ հետաքրքրող հարցերից մեկը հետևյալն էր՝ արդյոք Արմեն Գրիգորյանն այս ընթացքում չի՞ խմբագրել գրքում ներկայացված իրադարձությունների շարադրանքը։ Դատելով տարբեր դեպքերի նկարագրություններից, անունների հիշատակություններից, իրադարձությունների շեշտումից՝ կարող եմ վստահ ասել, ինքն էլ, երևի, կփաստի, որ ոչինչ չի փոխվել՝ դեպքերն էնպիսին են, ինչպիսին կային, մարդիկ էնպիսին են, ինչպիսին կային։ Շատ ազնիվ գիրք է. գրված է նույնիսկ այն մասին, ինչն ընթերցողը չէր սպասի։ Ուզում եմ փաստել՝ գիրքը հենց այն բովանդակությամբ է, որն ինձ մոտ էր դեռևս փետրվարի 23-ին (խմբ․– 2026 թվականի)»։
Արմեն Գրիգորյանը կարևորեց նման գրքի հրատարակումն՝ընդգծելով՝ եթե ցանկանար այս ամենը պահել անձնական տիրույթում, ապա պետք է կարմիր թղթապանակում պահեր՝ որպես գաղտնի նյութ։
«Բայց ցանկացած տեքստ կարևոր է՝ հրապարակային դառնալով։ Կարծում եմ, գիրքը շատ կարևոր է որպես իրադարձությունների անմիջական մասնակցի տեսածի և էմոցիաների արձանագրում։ Նաև կարևոր եմ համարում 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունների շուրջ քննարկումների շարունակությունը։ Գիրքը Հայաստանի ժողովրդավարացման, հանրության սուբյեկտայնացման և հանրությունը որպես Հայաստանի Հանրապետությունում գլխավոր սուբյեկտ արձանագրման մասին է։ Եվ դրա շուրջ քննարկումը շարունակական կարևոր եմ համարում և կարծում եմ, որ այս տարբերակով դիրք հրապարակելը և դրա շուրջ քննարկումներ ծավալելը շատ կարևոր է»,- նշեց նա։
Գրքի խմբագիր Թագուհի Ղազարյանը տեղեկացրեց, որ գրքի տեքստի հետ աշխատել է դեռ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին, սակայն հետագայում, պայմանավորված տարբեր իրադարձություններով, աշխատանքներն ընդմիջվել էին և Արմեն Գրիգորյանի առաջարկով վերսկսվել 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո։
«Միանգամից էլ որոշեցինք, որ գիրքը չենք խմբագրելու 2020-25 թվականներին մեր ձեռքբերած գիտելիքի տեսանկյունից։ Եղել է բարդ, շատ ենք քննարկել։ Իհարկե, եղել են գեղարվեստական միջամտություններ, բայց այն վերաբերմունքը, այն վերլուծությունը, գնահատականները, մոտեցումներն ամբողջությամբ պահպանել ենք։ Փորձել ենք ամբողջությամբ պահել մինչև 2020 թվականը եղած ոգին»,- պատմեց նա։
Ըստ Թագուհի Ղազարյանի՝ այս գիրքը չի հավակնում պատմելու հեղափոխության մասին ողջ ճշմարտությունը։ Իրադարձությունները, ինչպես նշեց բանախոսը, ներկայացված են մի մարդու դիտանկյունից, մինչդեռ հեղափոխությունը հարյուր հազարավոր համահեղինակներ ունի։
Այնուհետև, շնորհանդեսը շարունակվեց գրքի հեղինակին ուղղված հարցերի և դրանց հնչեցրած պատասխանների ձևաչափով։
Հանդիպումը եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով 2018 թվականի հեղափոխության մասին՝ Փաշինյանը մեջբերեց Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի խոսքերը, որը 20-րդ դարում արձագանքելով դրանից շուրջ 150 տարի առաջ տեղի ունեցած Ֆրանսիական Մեծ հեղափոխության մասին հարցին՝ նկատել էր, որ դրա վերաբերյալ դեռ վաղ է հետևություն անել։
«2018 թվականի հեղափոխությունից հետո իմ հետևությունները հեղափոխության վերաբերյալ ամեն շաբաթ փոխվում են: Արմեն Գրիգորյանի գրքի ընթերցումը, նորից իմ առաջ բերեց հարցը՝ իսկ ես ի՞նչ կարծիքի եմ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին: Իսկապես, հիմա արդեն լիովին համաձայն եմ Մաո Ցզեդունի հետ. այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել»,- նշեց վարչապետը՝ խոստովանելով, որ Գրիգորյանի գրքի ընթերցումը դեռևս չի ավարտել։
Վարչապետի կարծիքով՝ հեղափոխությունից հետևություն անել պետք չէ, որովհետև ցանկացած հեղափոխություն հնարավորություն է.
«Ընդ որում՝ հնարավորություն է բոլորի համար: Այստեղ հարցը հետևյալն է, թե մեզնից յուրաքանչյուրն այդ հնարավորությունից ինչպես է օգտվում և ինչպես է օգտվել: Այսօր էլ հեղափոխությունը հնարավորություն է»:
Նիկոլ Փաշինյանը համարում է, որ հեղափոխությունը հաջողության պատմություն է.
«Հեղափոխությունը կյանքի հետ ամենօրյա առնչություն ունենալու մասին է, որովհետև, երբ ասում ենք ժողովրդավարություն, նկատի ունենք, որ ցանկացած քաղաքացի ամեն օր առնչվում է կյանքի հետ: Ոչ ժողովրդավարությունը և ժողովրդավարությունը սրանով են տարբերվում, ինչքան մարդն ավելի հաճախ է կյանքի հետ առնչվում, այնքան երկիրն ավելի ժողովրդավար է, ինչքան քիչ է կյանքի հետ առնչվում, այնքան ավելի պակաս ժողովրդավար է»։
Վարչապետը հեղափոխության ամենամեծ մարտահրավեր է համարում այն, թե ինչպես անել, որ այն չհասնի զրոյական կետին՝ այն կետին, որից սկսել է։
«Ամենամեծ տպավորությունը մեր հեղափոխության մասին ունեցա 2018 թվականին, երբ արդեն վարչապետի պաշտոնում շփվելով այլ երկրների ղեկավարների հետ՝ զարգացած մի երկրի երկարամյա ղեկավարներից մեկից լսեցի, որ իրենց երկրին նույնպես անհրաժեշտ է այսպիսի հեղափոխություն: Ուզում եմ ելույթս ավարտել արձանագրումով, որ մեր երկրին էլի է հեղափոխություն պետք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: