Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck
3 րոպեի ընթերցում
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ երկու երկրների դրոշների բացակայությունը քննարկումների առիթ է դարձել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման հարթակը, լրատվամիջոցները տարածել են քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը, որում նա պնդել է, թե Բիշքեկում տեղի ունեցող երկրների ղեկավարների երկկողմ հանդիպումների ժամանակ համապատասխան երկրների դրոշներն առկա են եղել՝ «բացի Նիկոլ-Ալիևի հանդիպումից»։
«Սա Ալիևի կողմից Հայաստանի հերթական նվաստացումն էր և մեսիջ, որ իր համար Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է, և նա էլ ցանկություն չունի Հայաստանի դրոշը տեսնել Նիկոլի հետ հանդիպմանը»,- Համբարյանի խոսքերն է փոխանցել լրատվամիջոցը։
Տարածվել է նաև լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը, որի գնահատմամբ՝ «դրոշի բացակայությունը նշանակում է, որ հիմա Ալիևը չի ճանաչում ՀՀ-ն»։
Սակայն հանդիպումների պաշտոնական լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրոշների բացակայել են ոչ միայն Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին մեկնել է Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ Բիշքեկում մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Նույն օրը նա հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ։
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում օգոստոսի 31-ին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Սակայն Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջերում հրապարակված լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևի՝ Բիշքեկում ունեցած մյուս երկկողմ հանդիպումների ժամանակ ևս հանդիպող երկրների դրոշները տեղադրված չեն եղել։
Այսպես, Ալիևի X-ի պաշտոնական էջում հայտնվում է, որ նույն օրը բացի Փաշինյանից, նա հանդիպում է ունեցել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, և այդ երկու հանդիպումների ժամանակ ևս որևէ երկրի դրոշ տեղադրված չի եղել։
CivilNetCheck-ը կապ է հաստատել նաև վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանի հետ, որը պարզաբանել է, թե միջազգային միջոցառումների շրջանակներում իրականացվող երկկողմ հանդիպումների համար սովորական պրակտիկա է առանց դրոշների հանդիպումները։
«Բազմաթիվ երկրներ նախկինում էլ, ներկայում էլ կիրառում են այդ պրակտիկան։ Նույն պրակտիկան կիրառել են մի շարք երկրներ՝ ՇՀԿ Բիշքեկում ընթացող գագաթաժողովի շրջանակում»,- ասաց նա: