Աշխարհ

Համաշխարհային բանկը Նեպալին կտրամադրի ավելի քան 163 միլիոն դոլար՝ ջրհեղեղի հետևանքների վերացման համար

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկը Նեպալին կտրամադրի ավելի քան 163 միլիոն դոլար՝ ջրհեղեղի հետևանքների վերացման համար

Համաշխարհային բանկը Նեպալին կտրամադրի մինչև 25 միլիարդ ռուփի (ավելի քան 163 միլիոն դոլար) որպես արտակարգ օգնություն ջրհեղեղի պատճառով։ Այս մասին Համաշխարհային բանկի Նեպալի գրասենյակի տնօրեն Դևիդ Սիսլենը հայտնել է հանրապետության ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Himalayan Times թերթը։

Նեպալի ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ Հնդկաստանը, Չինաստանը և Համաշխարհային բանկն օպերատիվ կերպով ձեռնամուխ են եղել երկրին տրամադրվող ֆինանսական օգնության  համակարգմանը։ Հնդկաստանն արդեն ուղարկել է 10 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ տարերային աղետի հետևանքների վերացման համար, ներառյալ վրաններ, վերմակներ, հիգիենայի պարագաներ և դեղորայք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես Նեպալ է ուղարկել բժշկական պարագաներ, դեղորայք և վրաններ։

Օգոստոսի 26-ին Նեպալի և Չինաստանի սահմանին տասնյակ մետր բարձրությամբ հեղեղի ալիքն ամեն ինչ քշել-տարել է իր ճանապարհին. ավերվել են գյուղեր, շենքեր, ճանապարհներ, կամուրջներ, հիդրոէլեկտրակայաններ։

Նեպալի պաշտոնյաների նախնական հաղորդագրությունների համաձայն՝ ջրհեղեղի պատճառ կարող էր դառնալ տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով սառցադաշտի ստորին մասի փլուզումը։ Սակայն ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ արձանագրված 4,4 մագնիտուդով երկրաշարժն, ըստ էության, սառցադաշտային ապարների և սառույցի փլուզման և բեկորների հոսքի սեյսմիկ էներգիան է եղել։

Լեռնային ապարների և սառույցի հոսքը փակել է Լհենդե գետի հունը՝ առաջացնելով հզոր կասկադային հեղեղում։ Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 175 մարդ։ Նեպալում անհետ կորած է ավելի քան 800 մարդ, այդ թվում՝ 600 օտարերկրացի։

Տիբեթում անհետ կորել է շուրջ 600 մարդ, այդ թվում՝ 260 օտարերկրացի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում