2 րոպեի ընթերցում
Ավստրալիան կլինի ամենաապահով վայրը համաշխարհային աղետի դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով գիտական ուսումնասիրությանը։
Գիտնականները վերլուծել են հարյուրավոր ուսումնասիրություններ՝ կենտրոնացած տարբեր աղետների, այդ թվում՝ աստերոիդների բախումների և հրաբխային ժայթքումների վրա։
Ըստ հետազոտողների՝ զարգացած և աշխարհագրորեն հեռու կղզիների վրա գտնվող և մեծ արդյունաբերական ու գյուղատնտեսական բազա ունեցող երկրներն ավելի մեծ հնարավորություն ունեն գոյատևելու հնարավոր աղետների ժամանակ։
Նրանք նաև նշել են, որ նույնիսկ լավագույնս պատրաստված երկրները լիովին անվտանգ չեն։
Հետազոտողների խոսքով՝ տարբեր գործոնների համադրությամբ, Ավստրալիան համարվում է բնական աղետի դեպքում գտնվելու լավագույն վայրը։
«Ավստրալիան արտադրում է մեծ քանակությամբ սնունդ, այն հեռու է հակամարտության գոտիներից, շրջապատված է հսկայական օվկիանոսով, որը մեղմացնում է ջերմաստիճանը, դեռևս ունի հանքեր, արդյունաբերություն և արտադրություն, մեծ տարածք, ինչպես նաև լավ կառավարում և անհավասարության համեմատաբար ցածր մակարդակ», - նշել է հետազոտության գլխավոր հեղինակ, Հագենի համալսարանի դոկտոր Ֆլորիան Ուլրիխ Յենը։
Բնական աղետներին դիմակայելու ունակ երկրների ցանկում են նաև Նոր Զելանդիան, Ճապոնիան, Շվեյցարիան և Արգենտինան, սակայն այս երկրներն, այնուամենայնիվ, խոցելի են տարբեր վտանգների նկատմամբ։
Նոր Զելանդիան, Ճապոնիան և Արգենտինան ունեն երկար ափագծեր, որոնք խոցելի են աստերոիդի բախումից առաջացող ցունամիների հանդեպ, ինչպես նաև գտնվում են հրաբուխներից վտանգավոր հեռավորության վրա։