Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա
3 րոպեի ընթերցում

Հյուրընկալության ոլորտի Հայաստանի առաջին միջազգային դպրոցի ուսանողներն ավարտել են դասընթացի առաջին մասը և պատրաստվում են մեկնել Ֆլորենցիա՝ կրթությունը Իտալիայում շարունակելու համար։
Ապիցիուս հյուրընկալության և գաստրոնոմիայի միջազգային դպրոց, որը Ֆլորենցիայի Apicius դպրոցի մասնաճյուղն է (Apicius International School of Hospitality), Դիլիջանում բացվել է 2025 թվականին՝ Գրին Ռոք հիմնադրամի կողմից։ Դպրոցն առաջարկում է կրթություն երկու ուղղությամբ՝ Սննդի, Գինու և Առողջ Ապրելակերպի ուսումնասիրություն և Հյուրընկալության կառավարում։

Դպրոցի 12 ուսանողներից մի մասը Սնունդ, գինի և առողջ ապրելակերպ բաժնում ուսումնասիրել է խոհարարություն, հրուշակագործություն, գինեգործություն, առողջ ապրելակերպ և սննդաբանություն: Մյուսները Հյուրընկլաության կառավարում բաժնում սովորել են հյուընկալության կազմակերպում և կառավարում, հատուկ միջոցառումների կազմակերպում, անշարժ գույքի և ենթակառուցվածքների կառավարում և սպա կառավարում։
Հայաստանում և Իտալիայում երկամյա այս դասընթացն ավարտելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան բարձրագույն ակադեմիական կրթությունը շարունակել Ֆլորենցիայում՝ իրենց մասնագիտությամբ։
«Շատերը չէին հավատում, որ նման դպրոց հնարավոր կլինի բացել Հայաստանում, առավել ևս՝ Դիլիջանում, բայց այսօր այն փաստը, որ մենք 9 ուսանողի ճանապարհում ենք Իտալիա, ապացուցում է հակառակը։ Մեզ շատ է ոգեշնչում այն համոզմունքը, որ Հայաստանը, և հատկապես Դիլիջանը, մեծ ապագա ունի որպես համաշխարհային զբոսաշրջային ուղղություն», - նշել է Գրին Ռոք հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան։
Հայաստանում իրականացվող ծրագրի կրթական մասը լիովին համապատասխանում է Իտալիայում գործող դպրոցի չափանիշներին և ուսումնական բովանդակությանը։ Դասավանդումն իրականացվում է հիմնականում իտալացի մասնագետների կողմից, իսկ ուսուցումը մեծապես ուղղված է գործնական հմտությունների զարգացմանը։ Այդ նպատակով դպրոցին կից՝ Դիլիջանի կենտրոնում, բացվել է CEMI դպրոց-սրճարանը, որի աշխատանքն ամբողջությամբ ապահովում են Ապիցիուսի ուսանողները՝ ձեռք բերելով արժեքավոր գործնական գիտելիքներ և հմտություններ։

Այս պահին իրականացվում է երկրորդ խմբի ընդունելությունը։ Ընդունելության վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են այստեղ։
Նշենք, որ Գրին Ռոք հիմնադրամի աջակցությամբ գործում են նաև հատուկ կրթաթոշակներ։