ԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքը միշտ էլ կազմել է 29 հազար 743 քառակուսի կիլոմետր, իսկ նախկինում շրջանառված 29 հազար 800 քառակուսի կիլոմետր ցուցանիշը եղել է կլորացված թիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասել է Ազգային ժողովի նիստում՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, որում վերջինս նշում էր, որ իրենց դպրոցում սովորել են, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, իսկ հիմա Հայաստանի իշխանությունները հնչեցնում են 29 հազար 743 կիլոմետր թիվը։  

«29 հազար 743-ը, երբ կլորացնում ես, դառնում է 29 հազար 700, այնպես որ լեգիտիմ հարց է առաջանում՝ ո՞ւր կորավ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 57 քառակուսի կիլոմետրը»,- ասել էր Արթուր Խաչատրյանը։

Ռուբինյանը, մասնավորապես, հղում է արել 2005 թվականին հաստատված՝ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությանը։

«Նախ՝ միշտ էլ 29 հազար 743 է եղել։ Հանրագիտարանում կարող է կլորացված թիվն է եղել վերնագրում, հետո ներքևը՝ ոչ»,- ասել է ԱԺ նախագահը։

Նրա խոսքով՝ 2005 թվականին, երբ ՀՅԴ-ն ընդգրկված էր իշխող կոալիցիայում, ՀՀ կառավարության կողմից հաստատված հողային ֆոնդի վերաբերյալ հաշվետվությունում Հայաստանի տարածքը նշված է եղել 2 միլիոն 974 հազար 300 հեկտար, ինչը համապատասխանում է 29 հազար 743 քառակուսի կիլոմետրի։

Ռուբինյանը հավելել է, որ նույն ցուցանիշը ներկայացվել է նաև հետագա՝ 2010 և 2015 թվականների համապատասխան փաստաթղթերում։

ԱԺ նախագահն անդրադարձել է նաև Ալմա-Աթայի հռչակագրին՝ նշելով, որ դրանով նախկին խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները անկախացումից հետո դարձել են միջպետական սահմաններ։

«Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանները դառնում են միջպետական սահմաններ։ Դա նշանակում է՝ այդ պահին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ինչ սահման ունեին, դրանք էլ դառնում են միջպետական սահմաններ»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ տրամաբանությունից է բխում նաև Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի ճանաչումը։

Ռուբինյանը նաև հակասություն է տեսել ընդդիմադիր պատգամավորի այն դիրքորոշումներում, որոնց համաձայն՝ մի կողմից 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի վավերացումը չի դիտարկվում որպես Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու քայլ, իսկ մյուս կողմից 2022 թվականի Պրահայի հայտարարությունը, որով կողմերը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ներկայացվում է որպես Հայաստանի քաղաքականության փոփոխություն։

«Հիմա կողմնորոշվեք՝ Ալմա-Աթայի հռչակագրով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակո՞ւմ է նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների ճանաչում, թե՞ չի նշանակում»,- ասել է ԱԺ նախագահը։

Հայերեն English

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է