ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն
4 րոպեի ընթերցում
Օգոստոսի 15-ին Դիլիջանում, Green Rock-ի նախաձեռնությամբ, կանցկացվի առաջին ARMAT Fest 2026 ժամանակակից մշակութային փառատոնը, որը մեկ վայրում կհամախմբի հայկական մշակույթը, երաժշտությունը, արվեստը, հայկական բրենդներն ու գաստրոնոմիան։
Փառատոնը կանցկացվի Green Rock-ի նորաբաց Villa3 Community Hub-ի հարևանությամբ՝ բազմաֆունկցիոնալ համալիրի ապագա Համերգասրահի տարածքում։
ARMAT Fest 2026-ը նպատակ ունի դառնալ Դիլիջանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ միավորելով արվեստագետներին, երաժիշտներին, ստեղծագործողներին, տեղական արտադրողներին և հազարավոր այցելուների մեկ հարթակում։ Այն արտացոլում է Green Rock-ի երկարաժամկետ տեսլականը՝ ձևավորել միջավայրեր, որտեղ զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը և համայնքային կյանքը զարգանում են փոխկապակցված կերպով։
«ARMAT Fest-ը մեզ համար պարզապես մշակութային միջոցառում չէ․ այն հարթակ է, որը միավորում է մարդկանց, գաղափարներն ու հայկական ինքնության տարբեր դրսևորումները։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի փորձառություններ, որոնք նպաստում են Դիլիջանի՝ որպես միջազգային զբոսաշրջային և մշակութային ուղղության զարգացմանը», - նշել է Green Rock Operations-ի գործադիր տնօրեն Վալերի Բաղդագուլյանը։
ARMAT Fest 2026-ի գլխավոր շեշտադրումներից է երաժշտական ծրագիրը։ Փառատոնի բեմում հանդես կգան հայկական երաժշտության ամենասիրված կատարողներից Garik & Sona, Lav Eli և Miqayel Voskanyan & Friends խմբերը։ Երեկոյի ընթացքում կհնչեն նաև DJ սեթեր՝ հայկական երաժշտական մոտիվների ժամանակակից մեկնաբանությամբ։
Հայկական արհեստներ և ստեղծագործական փորձառություններ
Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու հայկական ավանդական արհեստների և դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետության դասերի, ծանոթանալու ազգային զարդանախշերին, ձեռագործ արվեստի ավանդույթներին։
Տեղական բրենդներ և հայկական համեր
ARMAT Fest-ը հարթակ է հայկական տեղական բրենդների, արտադրողների և ստեղծարար համայնքի համար։ Փառատոնի Market Zone-ում կներկայացվեն ժամանակակից հայկական դիզայներական, ձեռագործ ապրանքներ։ Food Court գոտում այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու հայկական խոհանոցի բազմազանությունը՝ համտեսելով ավանդական ուտեստներ, ժամանակակից հայկական գաստրոնոմիայի նոր մեկնաբանություններ, ինչպես նաև տեղական արտադրողների սնունդն ու ըմպելիքները։
Փառատոն ամբողջ ընտանիքի համար
Փոքրիկ այցելուների համար կգործի հատուկ Kids Zone, որտեղ երեխաները կմասնակցեն հայկական ավանդական խաղերի, ստեղծագործական ակտիվությունների և ինտերակտիվ ծրագրերի՝ բացահայտելով մշակույթը խաղի միջոցով։
Փառատոնի տարածքում կստեղծվեն նաև հանգստի և շփման գոտիներ՝ նախատեսված ամբողջ ընտանիքի համար։
Փառատոնը կմեկնարկի ժամը 13:00-ին և կշարունակվի մինչև 23:00-ը։ Մուտքն ազատ է բոլոր այցելուների համար։
ARMAT Fest-ը ստեղծվել է որպես մշակութային հանդիպման հարթակ, որտեղ միավորվում են մարդիկ, պատմությունները և ժամանակակից հայկական մշակույթի բազմազան դրսևորումները։ Փառատոնի գաղափարն է ձևավորել բաց և ստեղծարար միջավայր, որտեղ հայկական ժառանգությունը վերաիմաստավորվում է ժամանակակից ձևաչափերով՝ դառնալով հասանելի տարբեր սերունդների և մշակույթների ներկայացուցիչների համար։