Հայ-իրանական մշակույթն ու խոհանոցը մեկ տեղում. Սիսիանում կանցկացվի «Նավասարդ» փառատոնը

5 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Սիսիան համայնքը երկու օր՝ օգոստոսի 10-ին ու 11-ին լինելու է հայ-իրանական մշակութային հարստության ու խոհանոցային ավանդույթների համախմբման կենտրոն։ Արդեն 5-րդ անգամ Սիսիանում անցկացվելու է «Նավասարդ» հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոնը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնն առանձնանալու է բազմազան ծրագրով։

«Եվ քանի որ այս տարին հոբելյանական է, 5-րդ տարին է, հետևաբար լինելու են նորություններ։ Մասնավորապես, այս տարի փառատոնն անցկացվելու է օգոստոսի 10-ին և 11-ին։ Ի սկզբանե մեր ծրագրերում սա կար, սակայն երբ տեսանք նաև մեր այցելուների արձագանքները, ակնկալիքները, որոշվեց այս տարի փառատոնն անցկացնել 2 օր։ Սա շատ կարևոր որոշում է ոչ միայն այցելուների, մասնակիցների, այլև համայնքի համար։ Փառատոն այցելած զբոսաշրջիկների մի զգալի հատվածը մնալու է Սիսիանում, ինչը տնտեսական առումով լուրջ խթան կլինի»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։ Նա տեղեկացրեց, որ հյուրանոցներն ու հյուրատներն այս օրերին Սիսիանում բավական պահանջված են։ Փառատոնի փորձն էլ ցույց է տալիս, որ ամեն տարի Սիսիանում, ինչպես նաև հարակից համայնքներում հյուրանոցային տնտեսությունն ընդլայնվում է։

Փառատոնի շրջանակում սպասվող կարևոր իրադարձություններից է «Խաղաղության գավաթ» միջազգային խոհարարական մրցույթի անցկացումը, որի ընթացքում Հայաստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած խոհարարներ կմրցեն մասնագիտական վարպետությամբ։ Մրցույթն անցկացվելու է մի քանի փուլով, մասնակից խոհարարներն ունենալու են առաջադրանք պատրաստելու ուտեստներ գառան մսից և ձկնամթերքից։ Մասնագիտական ժյուրին կառանձնացնի լավագույններին։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նպատակ ունեն այնպես անել, որ Հայաստանը դիրքավորվի որպես խոհարարական միջազգային մրցույթի իրականացման վայր։  

««Նավասարդ» փառատոնը հիմք դարձավ, որ մենք ստեղծենք «Խաղաղության գավաթ» միջազգային մրցույթը։ Առաջին քայլերն ենք կատարում, այս տարի Հայաստանի ու Իրանի խոհարարներից բացի սպասվում է մասնակցություն Բուլղարիայից, Ռուսաստանից։ Այս հարթակը հնարավորություն կտա աշխարհի բոլոր խոհարարներին մրցել, շփվել, փորձի փոխանակում կատարել։ Այդ համատեքստում մեծ հնարավորություններ են բացվում նաև Սիսիանի հանրահռչակման գործում»,-ասաց Սեդրակ Մամուլյանը։

Իրանն այս տարի ընդլայնում է իր մասնակցությունը և 40-ից ավելի տաղավարում ներկայացնելու է հարուստ խոհանոցը, արվեստի գործեր, ձեռքի աշխատանքներ։ ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին նշեց, որ երկու երկրների ժողովուրդներն ունեն հարուստ պատմություն, մշակույթ, խոհանոց և այդ ամենը տարբեր տեսանկյունից մեկ տեղում համատեղ ներկայացնելը լավ հնարավորություն է՝ բացահայտելու նաև նմանություններն ու ընդհանրությունները։

«Մենք խանդավառությամբ ենք մասնակցում այս փառատոնին, բավական մեծ պատվիրակություն է ժամանելու։ Համոզված եմ, որ «Նավասարդ» տոնը երկու երկրների ժողովրդների միջև մշակութային կամուրջ է։ Եվ մենք նպատակ ունենք հաջորդ տարիներին փառատոնը հյուրընկալել նաև Իրանում»,-ասաց Բահրամ Թահերին։

Փառատոնի շրջանակում ևս մեկ կարևոր իրադարձություն է սպասվում։ Ստորագրվելու է հուշագիր, որով Հայաստանի Սիսիան և Իրանի Լահիջան քաղաքները կդառնան քույր քաղաքներ։  

«Նման փաստաթուղթ ստորագրելուց առաջ բավական ուսումնասիրություն է կատարվում։ Պարզ դարձավ, որ Սիսիանը և Լահիջանը շատ նմանություններ ունեն՝ պատմություն, ճարտարապետություն, գյուղատնտեսական արտադրանք, զբոսաշրջային նշանակություն, խոհարարական ավանդույթներ և այլն։ Ահա, ինչպես տեսնում եք, համագործակցության ներուժը բավական մեծ է, այլ ոլորտներում ևս համատեղ աշխատելու հեռանկարներ են բացվում»,-ասաց փոխդեսպանը։

Փառատոնն ուղեկցվելու է նաև բազմազան համերգային ծրագրով։ Կազմակերպիչներն ապահովում են Երևանից դեպի Սիսիան անվճար ուղևորափոխադրում։ Այս առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Հավելյալ տեղեկություններն առկա են Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։ 

Հայերեն English فارسی Русский

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետություն

Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի գրոհների վերսկսման դեպքում հարվածներ հասցնել Պարսից ծոցի էներգաօբյեկտներին. CNN

Ֆրանսիայում կրկին սաստիկ տապ է սպասվում

Քուվեյթի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

«Մեքքայի համաձայնագիրը» կարող է փոխել Մերձավոր Արևելքում անվտանգության հավասարակշռությունը. թուրքական լրատվամիջոցներ

Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն Free News հեռուստաընկերության եթերում՝ մայրաքաղաքային սփռմամբ

2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ