Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան
6 րոպեի ընթերցում

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց մանրածախ բանկինգի ոլորտում 2026 թվականի առաջին կիսամյակի, ինչպես նաև վերջին տարիներին գրանցված արդյունքները, հիմնական ձեռքբերումները, զարգացման առաջնահերթությունները և առաջիկա ծրագրերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Բարսեղյանը մասնավորապես նշեց, որ Ամերիաբանկի մանրածախ բիզնեսի ռազմավարությունը հիմնված է երեք սյուների վրա։ Դրանցից առաջինը հաճախորդների բազայի ընդլայնումն է ու մասշտաբավորումը, երկրորդը՝ բարձրակարգ սպասարկումը, և երրորդը՝ հաճախորդների համար թվային էկոհամակարգի ստեղծումը։
Բարսեղյանի տեղեկացմամբ՝ Ամերիաբանկի հաճախորդների թիվն արդեն իսկ հատել է 900 հազարի շեմը։ Հաճախորդների բազայի միջին աճի տեմպը վերջին 5 տարվա ընթացքում կազմել է 23․41 տոկոս, իսկ վերջին երկու տարում հաճախորդների բազան կրկնապատկվել է։ Ընդ որում՝ հաճախորդների բազայի ընդլայնումն ուղեկցվում է նաև ակտիվության աճով, մասնավորապես՝ թվային տիրույթներում հաճախորդների ակտիվության աճով։
«Առաջանցիկ տեմպով աճել է նաև Ամերիաբանկի հաճախորդների թվային ակտիվությունը և վերջին հինգ տարում թվային տիրույթում ամսական ակտիվ օգտատերերի աճի միջին տեմպը կազմել է 55,81 տոկոս։ Ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ՝ Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով ավանդների պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն 30 միլիարդ դրամը։ Ժամկետային ավանդների պորտֆելը տարեսկզբից աճել է 19 տոկոսով՝ կազմելով 423 միլիարդ դրամ, իսկ ցպահանջ ավանդների պորտֆելն աճել է 18 տոկոսով՝ հասնելով 446 միլիարդ դրամի։ Դրամային ավանդների առաջանցիկ աճի տեմպն ունի վճռական նշանակություն, քանի որ դա նաև հնարավորություններ է ստեղծում դրամային վարկավորման ծավալման համար։ Նման միտումը ակնհայտորեն վկայում է մեր տնտեսության մեջ դոլարիզացիայի մակարդակի նվազման մասին, ինչը նույնպես դրական միտում է, քանի որ մեր հաճախորդներն ավելի ու ավելի քիչ արտարժույթային ռիսկեր են կրում»,- ասաց Բարսեղյանը։

Նա հավելեց, որ Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը տարեսկզբից ավելացել է ավելի քան 10 տոկոսով և ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ՝ գերազանցել է 800 միլիարդ դրամը, այդ թվում՝ 12 տոկոսով աճել է հիփոթեքային վարկերի պորտֆելը՝ գերազանցելով 400 միլիարդ դրամը։
2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ պարտատոմսերի պորտֆելը կազմել է 160 միլիարդ դրամ։ Այս տարի նաև Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր կողմից առաջին անգամ թողարկված 100 միլիոն դոլար ծավալով անժամկետ պարտատոմսերը՝ ամրապնդելով բանկի կապիտալի դիրքը և ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացիան։

Բարսեղյանը հատուկ անդրադարձավ թվայնացման և դեպի անկանխիկ տնտեսության անցման միտումներին՝ ընդգծելով, որ այդ տեսանկյունից նույնպես արձանագրվել է զգալի առաջընթաց։ Մասնավորապես քարտերի քանակի գծով վերջին հինգ տարվա ընթացքում աճի միջին տեմպը կազմել է մոտ 37 տոկոս։ Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ Հայաստանում կանխիկ վճարումներն արագ տեմպով փոխարինվում են անկանխիկ վճարումներով, ինչի մասին վկայում է գործառնությունների արագ աճող թվաքանակը, ծավալն ու դինամիկան։
Գործարքների կառուցվածքի առումով նշվեց, որ դրանց 99 տոկոսն իրականացվում է մասնաճյուղից դուրս, թվային հարթակներով կամ ինքնասպասարկման մեքենաներով։ Միտումները ցույց են տալիս, որ թվային հարթակները գնալով ձեռք են բերում մեծ տեսակարար կշիռ։

«Ամերիաբանկը նաև մեծ ուշադրություն է դարձնում մասնաճյուղերի ընդլայնմանը՝ հաճախորդներին հենց իրենց համայնքներում մոտ լինելու նպատակով։ Ընթացիկ տարում բացվել են առաջին մասնաճյուղերն Արարատի մարզում և Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, իսկ մինչև տարեվերջ սպասվում է ևս երկու մասնաճյուղերի բացում հատուկ Premium և Persona կարգավիճակ ունեցող հաճախորդների համար»,- ասաց Բարսեղյանը։
Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրենը նախ ներկայացրեց MyAmeria հավելվածի նոր հնարավորությունները, ինչպես նաև MyHome, MyCar, MyInvest և MyBusiness հարթակները, թվայնացման և արհեստական բանականության օգտագործման ուղղությամբ բանկի կողմից իրականացվող նախաձեռնությունները:

Ամերիաբանկն իր բիզնեսի տրամաբանությունը ենթարկում է որոշակի փոփոխության, և այժմ հիմնական առաջնահերթությունը լինելու է ոչ միայն անհատը, այլև ընտանիքը՝ հիմնական նպատակ ունենալով բարելավել նաև ընտանիքի ֆինանսական կարիքները։ Հենց այդ տրամաբանության մեջ վերջին շրջանում Ամերիաբանկն առաջարկում է նոր լուծումներ։ Մասնավորապես դպրոցական երեխաների համար նախատեսցված MyAmeriaStar հավելվածը ոչ միայն ֆինանսական գրագիտության աղբյուր է, այլև ծառայություններից աշակերտներին օգտվելու հնարավորություն է ընձեռում, իսկ ծնողներին երեխաների հետ աշխատելու որոշակի գործիքակազմ է տրամադրում։
«Նույն տրամաբանությամբ փորձում ենք նաև ուսանողների, աշխատող ծնողների, հետագայում թոշակառու հաճախորդների համար համարժեք ընդհանուր լուծումներ առաջարկել, որպեսզի կարողանանք ամբողջ ընթացքի կարիքները լիարժեքորեն բավարարել։ Փաստորեն մենք անցում ենք կատարում անհատից դեպի ընտանիքի կոնցեպտ, և այդ տրամաբանության մեջ մեր ծառայությունների շրջանակն ու փաթեթները համալրվելու են առաջիկա ժամանակահատվածում»,- ասաց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրենը։

Բարսեղյանի տեղեկացմամբ՝ նախագծերից մեկն էլ ոչ ռեզիդենտ հաճախորդներին, մասնավորապես սփյուռքի մեր հայրենակիցներին ուղղված նոր փաթեթի մշակումն է, քանի որ տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս նոր հեռահար լուծումներ առաջարկել նրանց, ովքեր բնակվում են արտերկրում։