Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը

3 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը վերացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը։ Դատարանը նաև բավարարեց պաշտպանների միջնորդությունը և չկիրառեց խափանման որևէ այլ միջոց, այդ թվում՝ գրավ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Ավելի վաղ հանրային մեղադրողը միջնորդել էր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը փոխել և կիրառել 1 միլիարդ դրամ գրավ, բացակայելու արգելք ու վարչական հսկողություն՝ էլեկտրոնային սարքերի միջոցով։

Դատարանը նաև որոշեց, որ Վարչական դատարանի և Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումները կիրառելի են Դավիթ Ղազինյանի դեպքում, այսինքն` նրա նկատմամբ կիրառելի է պատգամավորական անձեռնմխելիությունը։

Դատախազը 2026 թվականի հուլիսի 21-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան էր հանձնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ.-ի, դաշինքի համակիր Ա.Ս.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դ.Ղ.-ն Ա.Ս.-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը Դ.Ղ.-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ.-ին:

Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար։

2026 թվականի հուլիսի 21-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել էր 2 ամսով։

Դավիթ Ղազինյանը հունիսի 17-ին ձերբակալվել էր ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով, իսկ մինչ այդ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները։

 

Հայերեն English Русский

Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը

ՀՀ կառավարությունը հաստատեց մի շարք ապրանքախմբերի դրոշմավորման փորձնական ծրագիրը

Իտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները մասնակցել են «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը

Քաղաքական պրոցեսը տանում է նրան, որ արտահերթ ընտրությունների կարիք չի լինելու. Փաշինյան

Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

Համբարձում Մաթևոսյանն ու Նորբերտ Տոտշնիգը քննարկել են բնապահպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Վազգեն Թևանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով