Տնտեսություն

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը

2 րոպեի ընթերցում

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը

Հայաստանի Կառավարությունը սահմանել է, որ Հայաստանից Բագրատաշենի և Ագարակի սահմանային անցակետերով մեկնող բեռնատարների մուտքն անցակետեր կիրականացվի միայն կուտակային կայանատեղի մուտք գործելուց և այնտեղից դուրս գալուց հետո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։ Կայանատեղիում հերթագրման ծառայության վճարը մեկ բեռնատարի համար չի կարող գերազանցել 5000 դրամը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Առանց կուտակային կայանատեղի մտնելու կկարողանան սահմանը հատել, մասնավորապես, կենդանի կենդանիներ, մարդասիրական օգնություն, ռադիոակտիվ կամ պայթուցիկ նյութեր տեղափոխող, ինչպես նաև մեծ եզրաչափերով բեռնատարները։

Կայանատեղիներից առաջնահերթ բաց կթողնվեն արագ փչացող ապրանքներ տեղափոխող մեքենաները, «Հատուկ» մաքսային ընթացակարգով ձևակերպված բեռները, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների և օրինապահ հարկ վճարողների տրանսպորտային միջոցները։

Կուտակային կայանատեղիները պետք է գտնվեն անցակետից առավելագույնը 20 կիլոմետր հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քառակուսի մետր ասֆալտապատ կամ բետոնապատ տարածք, լուսավորություն, տեսահսկում, ազդարարման համակարգ և առնվազն երեք սանհանգույց։ Դրանք գործելու են շուրջօրյա։

Նոր կարգը, յուրաքանչյուր անցակետի համար, կգործի այնտեղ առաջին կուտակային կայանատեղիի գործարկման օրվանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում