Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց. ՀՀ ՆԳ նախարար
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Նիդեռլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում գործող «IN Groupe» ընկերության արտադրամաս, որտեղ իրականացվում են Հայաստանի նոր սերնդի անձը հաստատող փաստաթղթերի բազմաբաղադրիչ արտադրական գործընթացները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի և նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները, կատարվել են նաև ճշգրտումներ՝ ապահովելու նոր փաստաթղթերի լիարժեք համապատասխանությունը անվտանգության միջազգային չափանիշներին, ինչպես նաև շահառու բոլոր խմբերի ակնկալիքներին։

ՀՀ ՆԳ նախարարը կոճակի խորհրդանշական սեղմումով ազդարարել է անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը։
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց՝ որպես բարձր պաշտպանվածությամբ և անվտանգության առաջատար չափանիշներին համապատասխանող փաստաթղթեր։

Նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ առաջիկայում կմեկնարկի նաև նոր անձնագրերի տեղափոխման գործընթացը։

Ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ այս աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Քաղաքացիները նոր փաստաթղթերը կկարողանան ստանալ Երևանում և հանրապետության տարբեր մարզերում բացվող նոր գրասենյակներում։


