Տնտեսություն

Էկոնոմիկայի փոխնախարարի և տնօրինության միջև քննարկումից հետո «Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի փոխնախարարի և տնօրինության միջև քննարկումից հետո «Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքը

«Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի և գործարանի տնօրինության միջև կայացած քննարկումից հետո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գործարանը սկսում է վերադառնալ բնականոն աշխատանքի, իսկ առաջիկա ժամերին տեխնիկական խոչընդոտները կհարթվեն։

«Հիմա գործարանը սկսում է աշխատանքները։ Հուսանք՝ մի քանի ժամից արդեն փոքր տեխնիկական խոչընդոտները կհարթվեն, վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի»,- ասաց Զաքարյանը։

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները վաղ առավոտից ակցիա էին իրականացնում՝ բողոքելով գործարանի աշխատանքի ժամանակավոր դադարեցման դեմ։

«Արարատցեմենտ»-ը պատկանում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այս պահին կալանավորված է խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշել էր, որ իր այցի նպատակն է հասկանալ՝ ինչպես կազմակերպել գործընթացը, որպեսզի իրավական ընթացակարգերը չխոչընդոտեն արտադրությանը։ Նա ընդգծել էր, որ «Արարատցեմենտ»-ը ռազմավարական կարևոր օբյեկտ է, և պետք է անել այնպես, որ գործարանի աշխատանքը չխաթարվի։

Հուլիսի 6-ին իրավապահ մարմինները քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ էին իրականացրել Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող շուրջ 70 այլ հասցեներում։ Քրեական վարույթի շրջանակում Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ «Արարատցեմենտ»-ի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություններ էր տարածել՝ հայտնելով «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման, ինչպես նաև ընկերությանը պատկանող հողամասերի և առողջարանի ձեռքբերման գործընթացներում հայտնաբերված խախտումների մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում