Հայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում հաջողությամբ ավարտվել է հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախմբի 2026 թվականի դաշտային պեղաշրջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արշավախումբը պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ISMEO-ի (Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիա) միջև երկարամյա գիտական համագործակցության շրջանակում։ Նախագիծը հայկական կողմից ղեկավարում է Վարդուհի Մելիքյանը, իտալական կողմից՝ Ռոբերտո Դանը։

«Մայիսի 26-ից հունիսի 25-ը տևած այս տարվա արշավը կենտրոնացած էր հնավայրի մի շարք առանցքային հատվածների ուսումնասիրության վրա՝ նպատակ ունենալով հստակեցնել Հայաստանի ամենաբարդ հնագիտական լանդշաֆտներից մեկի ժամանակագրությունը, գործառույթը և զարգացման փուլերը»- հայտնում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտից՝ ընդգծելով, որ Շամիրամը բացառիկ բազմաշերտ հնավայր է, որն առանձնանում է ընդարձակ ամրացված ժայռոտ սարահարթով, մի քանի հուշարձանային պաշտպանական գծերով, ընդարձակ բնակավայրերով և կարևոր թաղման համալիրներով։

Նոր հետազոտությունները վերահաստատել են հնավայրի բնակեցման բացառիկ շարունակականությունը՝ ուշ բրոնզի և երկաթի դարերից մինչև ուրարտական, հետուրարտական, հելլենիստական, ուշ անտիկ, միջնադարյան և հետմիջնադարյան ժամանակաշրջանները։

Ինստիտուտից տեղեկացնում են, որ 2026 թվականի պեղաշրջանի կարևորագույն արդյունքներից է թիվ 3 դամբարանի պեղումների շարունակությունը։

«Այն ուշ բրոնզի դարի մոնումենտալ թաղում է՝ համակենտրոն քարե շրջաններով, կենտրոնական քարե դամբանախցով, հարուստ թաղման գույքով, բրոնզե զենքերով, օբսիդիանից և մետաղից պատրաստված նետասլաքների ծայրերով, ինչպես նաև ծիսական զոհաբերության ենթարկված ձիու մնացորդներով։ Այս հայտնագործությունը կարևոր նոր տվյալներ է հաղորդում Հայաստանի ուշ բրոնզի դարի համայնքներում տեղական էլիտայի, թաղման ծեսերի և ձիու խորհրդանշական դերի ուսումնասիրության համար»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

Պեղումների ընթացքում բացահայտվել են նաև կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ։ Ուրարտական ամրոցի աշտարակներից մեկի հետևի հատվածում հայտնաբերվել է նաև միջին երկաթի դարի սենյակ՝ հրդեհի և ավերածությունների արտահայտված շերտերով, որին հաջորդում է ուրարտական պաշտպանական համակարգի կառուցումից ավելի վաղ թաղում։

«Այս հաջորդականությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու նաև Արարատի մարզի տեղական երկաթեդարյան կենտրոնի վերափոխումը՝ Վանի թագավորության ընդարձակմանը նախորդող և դրա ընթացքում ընկած ժամանակաշրջաններում։

Հետազոտությունները շարունակվել են նաև հնավայրի ամրացված հատվածներում։ Wall 2-ի դարպասների համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներկայումս տեսանելի L-աձև մուտքը, ամենայն հավանականությամբ, վերակառուցվել է հելլենիստական շրջանում՝ փոխարինելով երկաթի դարի ավելի վաղ շերտին։ Միաժամանակ Tower 3-ի պեղումներն ու մաքրումը վերահաստատել են ուրարտական ամրաշինության հուշարձանային բնույթը՝ բացահայտելով լավ պահպանված, մոտ 8,5 × 8,5 մ չափերով մեգալիթյան կառույց։ 2026 թվականի արշավը նոր հեռանկարներ է բացել նաև Շամիրամի հետուրարտական զարգացման ուսումնասիրության համար։ 7-րդ հատվածում (Area 7) բացահայտված սյուների խարիսխները, ուրարտական աշտարակներին հարող ճարտարապետական կառույցները և լավ պահպանված միջնադարյան շինությունները ցույց են տալիս, թե ինչպես են հնագույն ամրությունները դարերի ընթացքում պահպանել իրենց ազդեցությունը հնավայրի տարածական կազմակերպման վրա»,-հայտնում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտից:

Այս տարվա պեղաշրջանի արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Շամիրամը Հայաստանի երկարատև պատմության ուսումնասիրման կարևորագույն հնավայրերից մեկն է՝ սկսած ուշ բրոնզի դարի թաղման ավանդույթներից և երկաթի դարի տեղական համայնքներից մինչև ուրարտական հուշարձանային ճարտարապետությունն ու հնավայրի վերօգտագործման և վերափոխման հետագա փուլերը։

Արշավախումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր այն հաստատություններին և գործընկերներին, որոնք աջակցել են 2026 թվականի դաշտային աշխատանքներին։ Նախագիծը համաֆինանսավորվում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ Երևանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ և համակարգմամբ։ Ընդգծվում է, որ հնագիտական նյութերի, մարդաբանական և այլ մասնագիտացված ուսումնասիրությունների ու հետագա վերլուծությունների արդյունքները կշարունակեն ընդլայնել պատկերացումները Շամիրամի պատմության և Հայաստանի հնագույն մշակութային լանդշաֆտում նրա ունեցած նշանակության մասին։

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ