8 րոպեի ընթերցում
ԱՄԷ-ի նավթագազային ոլորտի առաջատար «Emarat Petroleum Company PJSC» (Emarat) ընկերությունն ընդլայնել է իր միջազգային գործունեության աշխարհագրությունը՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում բացելով իր առաջին սպասարկման կայանը։ Այս նշանակալի իրադարձությունն արտացոլում է «Emarat»-ի շարունակական ջանքերը՝ ուղղված միջազգային ընդլայնման ծրագրերի առաջմղմանը և համաշխարհային շուկաներում բրենդի ներկայության ամրապնդմանը։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան, «Emarat»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ և «Trojan Construction Holding»-ի գլխավոր տնօրեն, ինժեներ Ահմեդ Ալ Շամսին, «Emarat»-ի գլխավոր տնօրեն Բուրհան Ալ Հաշեմին, «SIL Capital»-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը, «SIL Capital»-ի գործադիր տնօրեն Եղիսաբեթ Մովսիսյանը, ինչպես նաև ընկերությունների բարձրաստիճան ղեկավարներ և երկու երկրների էներգետիկ ու գործարար ոլորտների ներկայացուցիչներ։
Կայանի բացումը նախորդ տարի «Emarat»-ի և հայաստանյան առաջատար ընկերություններից մեկի՝ «SIL Capital»-ի կազմում ընդգրկված «MegaTrade»-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրի գործնական արդյունքն է։
Սա «Emarat» բրենդի առաջին լցակայանն է Հայաստանում, որը հիմնված է տարածաշրջանային շուկաներում ընկերության գործառնական հարուստ փորձի և հաջողված բիզնես մոդելի վրա։ Այն նաև ամրապնդում է կայուն գործընկերային հարաբերություններ կառուցելու և տարածաշրջանային ու միջազգային շուկաներում ներկայությունն ընդլայնելու «Emarat»-ի կարողությունը։
Ընդլայնման փուլային ծրագրի շրջանակում «Emarat»-ը և «MegaTrade»-ը նախատեսում են Հայաստանի ողջ տարածքում գործարկել լիցքավորման և սպասարկման կայանների համապետական ցանց։ Բոլոր կայանները գործելու են «Emarat»-ի միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով բարձրորակ վառելիք, հետևելով առողջապահության, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության առաջատար փորձին, ինչպես նաև հաճախորդներին մատուցելով համալիր ծառայություններ (այդ թվում` մեքենաների տեխնիկական սպասարկման և լվացման, մանրածախ առևտրի և հարակից այլ ծառայություններ)։
Նախագիծը հիմնված է ճկուն և ընդլայնվող գործառնական մոդելի վրա, որը նպատակաուղղված է ինչպես կայուն աճի և արդյունավետության ապահովմանը, այնպես էլ Հայաստանի վառելիքաէներգետիկ ոլորտում որակական չափանիշների բարձրացմանը։
Հայաստանի Հանրապետությունում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան նշել է. «Emarat-ի մուտքը հայաստանյան շուկա արտացոլում է ԱՄԷ ազգային ընկերությունների ձեռքբերումներն ու մրցունակությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։ Այս քայլը նաև ԱՄԷ-ի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորության վկայությունն է․ այն նպաստում է սպասարկման կայանների կառավարման և էներգետիկայի ոլորտում «Emarat»-ի առաջատար մոդելի փոխանցմանը հայաստանյան շուկային»։
Դեսպանը հավելել է. «Երկու երկրների միջև կնքված տնտեսական համաձայնագրերը նպաստավոր միջավայր են ստեղծում ԱՄԷ ընկերությունների աճի համար՝ ամրապնդելով փոխադարձ ներդրումները և հնարավորություն տալով էներգետիկ ոլորտում էմիրաթյան փորձը ներդնել միջազգային շուկաներում, ինչը լիովին համահունչ է ԱՄԷ-ի տնտեսական զարգացման նպատակներին»։
«Emarat»-ի գլխավոր տնօրեն Բուրհան Ալ Հաշեմին ասել է. «Երևանում ընկերության առաջին լիցքավորման և սպասարկման կայանի բացումը նոր ռազմավարական հանգրվան է «Emarat»-ի միջազգային ընդլայնման ճանապարհին և վկայում է մեր բիզնես մոդելի հաջողության մասին, որը հիմնված է երկարաժամկետ գործընկերության և հեռանկարային շուկաներում էմիրաթյան փորձի տեղայնացման վրա»։
Նա նաև հավելել է. «Այս ընդլայնումը համաշխարհային շուկաներում ներկայությունն ամրապնդելու «Emarat»-ի տեսլականի մի մասն է և մեր աճի ռազմավարության հիմնասյուներից մեկը։ Մենք շարունակում ենք նոր շուկաներ բերել վառելիքի որակի օպերացիոն կատարելության և հաճախորդների սպասարկման մեր միջազգային ստանդարտները՝ բարձրացնելով «Emarat» բրենդի հավելյալ արժեքը։ Մենք ակնկալում ենք մեր գործընկերների հետ համատեղ ընդլայնել կայանների ցանցը Հայաստանում՝ էլ ավելի ամրապնդելով «Emarat» բրենդի համաշխարհային դիրքերն ու վերահաստատելով տարբեր շուկաներում արժեք ստեղծելու կարողությունը»։
«SIL Capital»-ի խորհրդի նախագահ և «MegaTrade»-ի բաժնետեր Էդուարդ Սուքիասյանն իր խոսքում նշել է. «Emarat Petroleum Company»-ի ընտրությունը որպես ռազմավարական գործընկեր փաստում է ընկերության հարուստ փորձն սպասարկման կայանների կառավարման ոլորտում՝ միջազգային բարձրագույն ստանդարտներին համապատասխան։ Վստահ ենք, որ այս գործընկերությունը կնպաստի Հայաստանի էներգետիկ ոլորտում նոր նշաձողի սահմանմանը և սպառողներին կապահովի համալիր ծառայություններով, որոնց հիմքում որակը, արդյունավետությունն ու նորարարությունն են»։
Ընկերության մուտք հայաստանյան շուկա տեղի է ունենում ԱՄԷ-ի և Հայաստանի միջև աճող տնտեսական դինամիկայի համատեքստում, երբ ոչ նավթային երկկողմ առևտուրը վերջին տարիներին հասել է ռեկորդային ցուցանիշների։ Այն նոր հնարավորություններ է ստեղծում ԱՄԷ ընկերությունների համար հեռանկարային միջազգային շուկաներում՝ միաժամանակ աջակցելով ԱՄԷ-ի տնտեսական դիվերսիֆիկացման նպատակներին և ամրապնդելով նրա համաշխարհային ներդրումային ներկայությունը։
Emarat-ի մասին
«Emirates General Petroleum Corporation» (Emarat) ընկերությունը հիմնադրվել է 1980 թվականին՝ Արաբական Միացյալ Էմիրություններում։ 1996 թվականին իրականացված խոշոր ռեբրենդինգից հետո «Emarat»-ը դարձել է ԱՄԷ-ի առաջատար նավթային բրենդներից մեկը, որի փիլիսոփայության հիմքում որակը, արդյունավետությունն ու բարձրակարգ սպասարկումն են։ Լիցքավորման և սպասարկման կայանների ԱՄԷ համապետական ցանցը հայտնի է իր «EmCan» լոյալության ծրագրով, քսայուղերի և ավտոտեխսպասարկման ծառայություններով, ինչպես նաև հաճախորդների համար նախատեսված ինքնատիպ մանրածախ առևտրի միջավայրով։ www.emarat.ae
SIL CAPITAL-ի մասին
«SIL CAPITAL»-ը Հայաստանի տնտեսությունում նշանակալի ազդեցություն ունեցող առաջատար ընկերություն է։ Ընկերությունն իրականացնում է տարբեր ոլորտներում գործող ավելի քան տասը ընկերությունների ռազմավարական կառավարումը։ «SIL CAPITAL»-ը հիմնադրվել է 2012 թվականին Սուքիասյան ընտանիքի կողմից՝ ձեռնարկություններին ռազմավարական աջակցություն ցուցաբերելու նպատակով, ինչը նրանց հնարավորություն է տալիս հաջողությամբ զարգանալ փոփոխվող գործարար միջավայրում։ Հիմնադրման օրվանից ընկերությունն ընդլայնել և դիվերսիֆիկացրել է իր գործունեության ուղղությունները։ «SIL CAPITAL»-ի հաջողության գրավականը հեռանկարային առաջնորդությունն է՝ հիմնված սուր գործարար մտածողության և բարձրակարգ ու հմուտ մասնագետներից կազմված թիմի փորձառության վրա։